Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

93. ԼԵՒՈՆ ԶՕՀՐԱՊԻՆ


Թարգմանութիւն

  [Փարիզ], 5 յունիսի, այս ուրբաթ [1908]

 

Շատ սիրելի զաւակս,

Հալէպ Ստացայ վերջին նամակդ եւ «Սիմէնս եւ Հալսկէ» վաճառատան նամակը: Ինձ չէիր գրել, թէ նման մի նամակ ունես ձեռքիդ: Ճիշտ ես վարուել, որ տեղեկագիրն ուղարկել ես նրան:

Միայն ինձ զարմացնում է, որ առ այսօր ոչինչ չեն պատասխանել: Առանց ցոյց տալու, թէ դրան շատ մեծ կարեւորութիւն ես տալիս, չէի՞ր կարող գրել նրան ու պատասխան խնդրել:

Տարբեր հանքեր Ինչ վերաբերում է միւս գործերին, հիմա ձեռքիդ տակ ունես դրանց թղթածրարները:

Իմ Բեռլին գալը Անտարակոյս գալու եմ Բեռլին, առաւել եւս՝ մեծ գործի համար: Բայց այստեղ հարկաւոր է կարգի բերել մի գործ: Դրանով եմ զբաղուած:

Հերակլէ Հերակլէի հանքը աշխարհի ամենահարուստ քարածքի աւազաններից է: Դա վիթխարի եւ կենսական գործ է գերմանացիների համար: Այդ գործի մասին գրել եմ պ. Ռէօսլէրին, որը Բեռլինի «Արեւելագերմանական բանկի» տնօրէնն է: Գիտէի, որ այդ բանկը շատ կը ցանկանար ածխահանք ունենալ Հերակլէում: Արդէն տասներկու տարի է՝ ֆրանսիացիներն այնտեղ են: Իմ շնորհիւ արդէն մի տարի է, ինչ այստեղ հաստատուել են նաեւ իտալացիները:

Պ. Ռէօսլէրին գրածս նամակին կցել էի Կ. Պոլսի իտալական բանկի կողմից ինձ տուած շատ ջերմ յանձնարարական նամակն ու միջնորդագիրը: Այդ բանկը ձեռնարկել էր Հերակլէի գործը եւ չափազանց գոհ է: Բանկը կուում է «Արեւելեան առեւտրական ընկերութիւն»:

Ես կարող եմ ձեռնտու պայմաններով գերմանական վաճառատների համար ձեռք բերել Հերակլէի ածխահանքերը, ու թէեւ կան կառավարական շատ դժուարութիւններ, դրանք եւս կարող եմ յաղթահարել:

Շատ եմ զարմանում, որ պ. Ռէօսլէրից որեւէ պատասխան չկայ:

Գուցէ նամակս պատահաբար չի հասել նրան: Այնուամենայնիւ պատուիրուած նամակ էր: Հնարաւոր է՝ համաձայնութիւն գոյութիւն ունի գերմանացիների ու ֆրանսիացիների միջեւ` վերջիններիս այդ աւազանը թողնելու հարցում: Այդ դէպքում ոչինչ չենք կարող անել։ Բայց շատ ցաւալի կը լինի գերմանացիների համար: Հիմա, երբ նրանք աւելի ու աւելի են հաստատւում Թուրքիայում, երբ մեծանում է նրանց նաւագնացութիւնը, նրանք ածխի աւելի կարիք ունեն, քան միւս բոլոր օտարերկրացիները միասին վերցրած: Մեծ սխալ են գործում եւ մի օր դառնապէս կը զղջան դրա համար։

Հերակլէն ածխի աւազան չէ, այլ ոսկու իսկական հանք:

Հարկաւոր է գերմանացիների աչքերը բացել: Տես, կարո՞ղ ես արդեօք գտնել դրանով շահագրգռուած լուրջ ու կարեւոր վաճառատներ: Ներփակ ուղարկում եմ պ. Ռէօսլէրին գրած նամակիս պատճէնը: Մօտաւորապէս այդպիսի բովանդակութեամբ նամակ պիտի գրես վաճառատներին:

Բայց գործը ներկայացնելու համար իմ այդտեղ գալը անհրաժեշտ է: Դա բաւականաչափ բարդ խնդիր է: Մինչ գալս, աշխատիր գտնել այնպիսի վաճառատներ, որոնք սկզբունքօրէն տրամադիր են սկսել Հերակլէի ածխահանքերի շահագործումը:

Կրկնում եմ. ի վիճակի եմ լաւագոյն պայմաններով լաւագոյն ածխահանքերի տէր դարձնել նրանց: Ֆրանսիացիներն ու իտալացիները դրանց նմանը երբեք չեն ունեցել:

Բայց հարկաւոր է, որ դրանցով հետաքրքրուող վաճառատները լինեն լուրջ ու կարեւոր, ոչ թէ ինչ-որ միջնորդներ ու օժանդակողներ:

Զբաղուիր նաեւ այդ գործով:

Շնորհակալ եմ, սիրելի զաւակս, այն բարի, քաջալերիչ խօսքերի համար, որ յղել ես ինձ: Ես երբեք չեմ յուսալքուել, երբեմն միայն նեարդայնացել եմ: Համբուրում եմ քեզ ու սեղմում կրծքիս`

Գ. ԶՕՀՐԱՊ