Քերթուածներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՌ ԶԵՓԻՒՌՆ ԱԼԷՄՏԱՂԻԻ

ԵՐԳ

Դու  փափկաթեւ  մանկիկ  զեփիւ՛ռ,
Աղբերց  վրայէն  լուսակարկաջ,
Անուշ  հոտով  ծաղկանց  ըսփիւռ`
Ի՞նչպէս  թըռչիս  ինձ  ընդ  առաջ,
Ու  խունկ  եւ  զով  ընծայելով`
Զիս  ողջունես  հեզիկ  շնչով

Ո՜հ կը  սիրեմ  ըզքեզ հողմի՛կ,
[1] Երբ  կու  փութաս  ինծի  գալու,
Ի պար, ի թռիչ, ի  սոյլ  մեղմիկ,
Այրած  ճակտիս  իմ  այցելու,
Ծաղիկ  հոգւոյս քեւ  զովացած
[2] Բացուի  ծիլծիլ   ախորժ  կենաց:

Սլացի՛ր փափկիկ  դու  սուրհանդա՛կ,
Լու՛ր  տար  հովտին  ու  ծործորին
[3] Ու  անտառաց  բարձրադիտակ,
Ուր  երամով  սոխակք  թառին,
Թէ  մըտերիմն  իւրեանց  եկաւ
Բիւր  ըզմայլմանց  յիշատակաւ:

Ո՜հ կորսըւած  իմ  հաճոյքներ,
Հոս  վերըստին  գըտնեմ ըզձեզ.
Ծառոց  շըքով  էք  ծածկըւեր
Ու  փըրփըրով  առուակին  հեզ.
Ահա  կայտռէք  ի  յայս  ծըմակ,
Ի յայս  թըփուտ  հովանոցակ:

Հոս  դառն  հոգեր  մէկիկ  մէկիկ
Ճակտէս  ի  բաց  հեռանային,
[4] Եւ  հոյլք  ժամուց  գեղապարիկ
Սիրտըս  թեթեւ  օրօրէին,
Եւ  բընութիւն`  մայր  որդեսէր,
Քնքուշ  գրկաց  մէջ  զիս  գըգուէր:

Հոս  ճէմէին  երեկոյեան
Ի  զով  ըստուեր  պար  մի  կուսից,
Մազերն  հովուն բազմաբուրեան,
Սիրտք  ընծայուած  հեշտ  վայելից.
Շող  լուսնակին Կոյսն  ու  ծաղիկ
Զիրար  շոյեն  սիրատարփիկ:

Մըտերմութի՜ւն Սէ՜ր  կրակուբոց
Ին՜չ  անուշ  էք  յայս տեսարան,
Ուր  բիւր  դալարք  ձեզ  հանգըստոց
Ու  անհուն  դաշտերը  զբօսարան.
Մըտերմութի՜ւն ինձ  երանի՜,
Թէ  հոս  ծոցէդ  հոգիս  թռանի:

Դու  փափկաթեւ  մանկիկ զեփիւ՛ռ,
Աղբերց  վրայէն  քաղցրակարկաջ,
Անուշ  հոտով  ծաղկանց  ըսփիւռ`
Թըռի՛ր թըռի՛ր  ինձ  ընդ  առաջ,
Ու  խունկ  եւ  զով  ընծայելով`
[5] Իմ  շուրջ պարէ՛ հեզիկ  շնչով:



[1] Ա(1870) եւ Գ(1904) Երբ դու փութաս ինծի գալու,

[2] Ա(1870) եւ Գ(1904) Բացուի ի լոյս ախորժ կենաց:

[3] Ա(1870) Ու անտառաց բարձրադիտակ, Գ(1904) Եւ անտառաց բարձրադիտակ

[4] Ա(1870) եւ Գ(1904) Ու փունջք ժամուց գեղապարիկ

[5] Ա(1870) եւ Գ(1904) Պարէ՛ չորս դիս հեզիկ շնչով: