Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  Գ
ՍԻՒՆԵԱՑ ԱՇԽԱՐՀԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ. ՆԱԵՒ` ԹԷ ՄԱՐԴԿԱՆՑ ՊԷՏՔԵՐԻ ՀԱՄԱՐ Ի'ՆՉ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ ՈՒՆԻ, ՈՐՔԱՆ ԵՆ ԳԱՒԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՆԱՌԻԿ ԲԵՐԴԵՐԸ

 

Ունի տասներկու գաւառ. առաջինը, որի մէջհէնց [Սիւնեաց] իշխանների եւ հայրապետների գահն է, Ծղուկ գաւառն է` անուանուած Ծղուկ գաւառապետի [անունից]:

Երկրորդը Վայոց ձորն է, որ ընդհանուր աղէտից, ողբ ու վայնասուններից կոչուեց Վայոց ձոր:

Երրորդը` Գեղարքունին, որ Հայկեան Գեղամի [անունից] կոչուեց Գեղարքունի:

Չորրորդը` Սոթք գաւառը, որ մշտական բուքերի եւ ցրտաշունչ եղանակների պատճառով կոչուեց Սոթք:

Հինգերորդը` Աղահեճ գաւառը, որ այժմ կոչւում է Քաշաթաղ եւ Խոժոռաբերդ:

Վեցերորդը` Հաբանդ գաւառը:

Եօթերորդը` Բաղք գաւառը, որ այժմ կոչւում է Աճեն. դա Բաղակի [անունից այդպէս] անուանուեց:

Ութերորդը` Կովսական գաւառը, որն այժմ Գրհան են կոչում:

Իններորդը` Արեւիք գաւառը. որ այժմ կոչւումէ Տաշտօն եւ Մեղրի:

Տասներորդը` Ձորք գաւառը, որ ունի Բաղաբերդ անմատչելի ամրոցը, եւ այժմ կոչւում է Կապան:

Տասնմէկերորդը` Երնջակ գաւառը եւԳողթնը:

Տասներկուերորդը` Ճահուկ գաւառը, որը եւ Շահապոնք կոչուող ձորն է:

Ահա սրանք են Սիւնիքի տասներկու գլխաւոր գաւառները: Բայց ունի ուրիշ շատ գաւառներ էլ, որոնք չյիշատակեցինք: Կան գաւառներ, որոնց անունները փոխուած են, ուրիշներն էլ այլ եւ այլ գաւառների են բաժանուած: Իսկ այստեղ [գտնուող] անառիկ ամրոցները, որ անհասանելի են մարդկանց մուտքին, եւ միայն Տէրը կարող է մատչելի դարձնել, [հետեւեալներն են`] Բաղաբերդ. դա այն է, որ Սիսակի սերունդներից մի մարդ` Բաղակ անունով, այս գաւառն ստանալով ժառանգութեան բաժին, Բաղակի ապառաժը շինում է ամրոց, որը կոչւում է Բաղակի քար, բերդն ամրացնում էեւ անուանում Բաղաբերդ. եւ գաւառն էլ իր անունով կոչուեց Բաղաց գաւառ: Իսկ նոյն [Սիսակի սերնդի] նահապետների կանանցից մէկը` Երնջիկ անունով, շինում է խիստ անմատչելի Երնջակ ամրոցը, եւ իրանունով գաւառն ու բերդը կոչւում են Երնջակ: Բերդում տեղադրում են նաեւ նահանգի գանձերի եւ հարկերի տունը: Մարդկանց մեքենայութիւնների հանդէպ անսասան ու հաստատուն միւս ամրոցները` Հայրաբերդ, Գրհամ, Մայրի, Շլորուտ, Կքեբերդ, Բարկուշատայ բերդ, Անդոկայ բերդ, Գեղարքունւոյ բերդ, Բղենոյ բերդ, Վանանդայ բերդ, Բորոդանայբերդ, Հանբադայ բերդ, որը Սիսակի նոյն տոհմի Ձագ նահապետը շինեց մի գետի վրայ եւ իր անունով ձորը կոչեց Ձագեձոր, բերդն էլ Ձագեձորոյ բերդ, Քաշեթաղուց բերդ, Խոժոռաբերդ, Որոտն բերդ, Սիւնեացբերդ, Բորտոյ բերդ, Շահապոնից բերդ` շինուած եւ նոյն ձորն էլ իր անունով Շահապոնից ձոր անուանուած պարսիկ Շահապի կողմից, որ գաղթի պատճառով եկել էր Սիւնեաց նահապետների մօտ: Իսկ Վայոց ձորում` Կապոյտբերդ, Հասեկայ բերդ` կառուցուած Հրասեկի կողմից, չափազանց ամրութիւններով եւ աստուածաստեղծ պարիսպներով ամրացուած. Սուլեմայ բերդ` Սուլեմ տանուտէրի կողմից շինուած, եւ ուրիշ շատերը, որոնք աւելորդ համարեցիք յիշատակել: Ունի Նախիջեւան մայրաքաղաքը:

Եւ ահա այսքանը որպէս տեղեկութիւն քեզ համար` մեր Սիսական աշխարհի բնական հարստութիւնների, սահմանների, բերդերի եւ գաւառների մասին: