Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

 

 

ԼԳ
ԱՐԱԲ ԶՕՐԱՎԱՐ ՄՐՈՒԱՆԻ ԳԱԼԸ ՍԻՒՆԻՔ. ՊԱՐՍԻԿ ԲԱԲԱՆԻ ՓԵՍԱՅԱՆԱԼԸ ՍԻՒՆԵԱՑ ՏԷՐ ՎԱՍԱԿԻՆ. ՄԱՔԵՆՈՑԱՑ ՎԱՆՔՆ ԱՅՐԵԼԸ. ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՈՒ ԲԱՂԱՍԱԿԱՆԻ ԿՈՏՈՐՈՒՄԸ

 

Երբ լրացաւ հայոց հարիւր եօթանասունվեց թուականը, անիծեալ եւ աշխարհաւեր Մրուանը արաբական բազմաքանակ զօրքով արշաւեց Հայաստան եւ որպէս սաստիկ հուր այրեց ու հրդեհեց մեր գեղեցիկ երկիրը: Նա ճանաչուած էր հէնց Աւարանշան անունով: Մեծ աւարով գալով Սիւնիք` հաստատւում է Շաղատ բերդագիւղում. կամենում է Սիսական գեղեցիկ նահանգը եւս աւերել: Զօրքը կենտրոնացնում է այնտեղ` Ծղուկ գաւառում: Ապա Սիւնիքի տէր եւ իշխանաց իշխան Վասակը գնում եւ Ատրպատականից բերում է պարսիկ Բաբանին մեծաթիւ զօրքով, Մրուանին սաստիկ ջարդ է տալիս ու փախուստի մատնում: Բայց ինքը` Վասակը, նոյն տարում վախճանւում է: Այն ժամանակ էլ Բաբանը նրա դստերը իրեն կին է վերցնում ու գաւառն առնում իր իշխանութեան տակ: Նաեւ նոյն տարում իշխան Ներսեհ Սիւնին` Փիլիպէի որդին, ինչ-որ ոխի պատճառով սպանում է Աղուանքի իշխան Ստեփանոսի որդի Վարազ Տրդատին, նրա որդուն էլ մօր գրկում ոչնչացնում է ու ամբողջ ունեցուածքը կողոպտում: Այս Վարազ Տրդատը Միհրական տոհմից էր եւ տիրում էր Աղուանքի սեփական տէրութեանը: Սրանից յետոյ Բաղասական գաւառը չհնազանդուեց Բաբանի հրամաններին ու օրէնքներին. եւ Բաբանը Աբլ Ասադ Աղուանեցու օժանդակութեամբեկաւ ու սաստիկ եւ անողորմ կոտորեց այդ գաւառի բնակչութեանը, ոչնչացրեց մինչեւ իսկ կանանց ու երեխաներին, որոնք անմեղութեամբ խողխողուելու պատճառով Քրիստոսից պսակի են արժանանալու:

Իսկ յաջորդ տարում Բաբանը գնացԳեղարքունի գաւառը եւ սրածեց բնակչութեանը` մօտտասնհինգ հազար հոգու: Մաքենոցաց շատ ծաղկուն մենաստանի, հռչակաւոր վանքի ամբողջ հարստութիւնն աւարեց, բոլոր շինութիւններն այրեց ու քանդեց: Բայց կրօնաւորները, նախապէս տեղեկանալով [վտանգի մասին], երկու մասի բաժանուեցին, որոնց մի մասը Սողոմոնվանահօր հետ, ոչ հայրերի հայր կոչուած առաջին Սողոմոնի, այլ նրա աշակերտի հետ գնաց Շիրակ գաւառը, Զրէսկ սուրբ վանքը, որտեղ ճգնութեամբ փայլեց այս նոյն Սողոմոնը` մշտական խցաբնակ ճգնաւոր դառնալով: Իսկ միւս մասը, առաջնորդ ընտրելով կրօնաւորներից մէկին, գնաց Աղուանք, բնակուեց Միհրներսեհի, այսինքն` Ջրվշտիկ վանքում: Իսկ Մաքենոցաց վանքի տեղն անբնակ մնաց. յետոյ Սուփան կոչուած Գրիգորի` Սիւնիքի տիրոջ օրօք վերստին նորոգուեց, շինուեց մեծ եկեղեցին. [վանքն] առաւելապէս փայլեց: