Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  Դ
ՍԻՍԱԿԱՆ ՏՈՀՄԻ ՆԱԽԱՊԱՏՒՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ, ԹԷ ԻՆՉՊԷ'Ս ՍԱՀՄԱՆՈՒԵՑ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՒՈՐ ՎԱՂԱՐՇԱԿԻ ԿՈՂՄԻՑ

 

Մեզ համար այժմ փափագելի է թողնել հների դատարկաբան առասպելները եւ ձեռք զարկել միայն Սիւնեաց վեհափառ տէրերի ու Սիսակի ցեղի երջանկաւէտ բարեբախտութիւններին եւ նախաթոռ տիրապետութիւններին, որովհետեւ չարչարանքները շատ են, բայց ոչ մի օգուտ չկայ. [ուստի] անօգուտից հեռու պահենք մեր մտքի ձգտումը, որ պիտանիները միայն մէջտեղ գալով կերպարանաւորուեն մեզ համար:

Եւ այսպէս, սկսած նախնի Սիսակից` այս նահապետութեան իշխանութիւնը ակներեւ հարազատութեամբ որդիները հայրերից յաջորդաբար փոխանցեցին երկար ու ձիգ ժամանակներով: Բազմաթիւ ու մեծամեծ քաջագործութիւններ ցոյց տուեցին հայոց թագաւորների [մղած] պատերազմներում եւ բազում ու մեծամեծ պարգեւներով եւ գահերով մեծարուեցին պարսից, հայոց, ալյեւ յունաց իսկ թագաւորների կողմից: Եւ այնքան անուանի եղան, որ մինչեւ անգամ արտօնուեց նրանց արծաթէ գահոյք ունենալ եւ մարգարտէ վարսակալ օգտագործել ու վարազագիր մատանի դնել, նաեւ կարմիր կօշիկ [հագնել] ու բռնել ոսկէ գաւազան` վրան նշուած տոհմի անունը եւպատուաստիճանը: Եւ այսպէս հասան մինչեւՎաղարշակին, որին իր եղբայր Արշակը հայոց վրայթագաւոր դարձրեց` Հայաստանում Արշակունեաց ցեղի թագաւորութեան սկզբնաւորման ժամանակ: Սա Վաղարշակ Առաջինն էր, որը չկամեցաւ խառնակ ձեւով ու ոչ տոհմիկ մարդկանցով վարել իր թագաւորութիւնը, որովհետեւ մինչեւ այն ժամանակ նախնիներից ոչ մէկը հոգ չէր տարել կարգ ու կանոնի եւ թագաւորական օրէնքների գեղեցիկ յարմարեցման մասին, այլ ըստ յաջողութեան ու դիպուածի ամէն ոք բարձրանում էր եւամէն ոք նսեմանում:

Սա կարգ ու կանոն է սահմանում` գեղեցիկ կարգաւորումներով ու գովելի օրէնքներով. նախ սկսելով գլխից` Բագրատունիներին առաջարկում է թագադիր լինել, ու նրանց անուանում է ասպետներ, շնորհում է գրաւել առաջնակարգ բարձ բոլորից վերեւ: Եւ ապա սրանց հետ Ձեռեսին քանանացիների սերնդից, Գնթունիների ցեղից, կարգում է իրեն զգեստներ հագցնող եւ դնում արքունի հանդերձների վրայ: Սրանց նման էլ ուրիշներին նոյնպէս [նշանակում է] ըստ արքունի տան կարիքների: Իսկ արեւելեան կողմից սահմանում է մեծ եւ առաջին` Սիսական տոհմի նահապետութիւնը, սրա հետ էլ Կադմեանը: Եւ հրաման է տալիս Սիսականներին` լինել հրամանատար արքունի բոլոր զօրքերին ու իր թագաւորութեան երկրորդը եւ պատերազմով շարունակ դէմ կանգնել Հոնաց դռանը: Այս նահապետութեան առաջին [նահապետի] անունը Սիսակ էր: Իսկ սրանց սերնդից ընտրելով մի շատ քաջ, գեղեցիկ ու քաղցրաբարոյ մարդու` Եռան [Առան] անունով, նահապետ է կարգում Առանայ մեծ դաշտի վրայ, Երասխից մինչեւ Հունարակերտ: Եւ քաղցր բարքի պատճառով նրան Աղու էին կանչում, որտեղից էլ աշխարհը նրա անունով Աղուանք կոչուեց: Ահա սա էլ մի փոքր տեղեկութիւն քեզ, որ իմանաս, թէ սրանից ոչ միայն սիւնեցիները, այլեւ աղուանները եւս ունեցել են նախնի` նրանցինի պէս հնագոյն: