Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ե
ՍԻՒՆԵԱՑ ԱՇԽԱՐՀԻՍ ԼՈՒՍԱՒՈՐՈՒԵԼԸ ԱՍՏՈՒԱԾԱՃԱՆԱՉՈՒԹԵԱՄԲ. ՏՐԴԱՏԻ ՀԵՏ ԻՇԽԱՆՆԵՐԻ ՀԱՒԱՏԱԼԸ ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏԾՈՒՆ` ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐԻ` ՄԵՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉԻ ՄԻՋՈՑՈՎ. ՄԵՀԵԱՆՆԵՐԻ ԱՒԵՐՈՒՄՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ, ՍԻՒՆԵԱՑ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՁԵՌՆԱԴՐՈՒՄԸ ԵՒ ՈՒՐԻՇ ՊԻՏԱՆԻ ԶՐՈՅՑՆԵՐ

 

Միտքս, լցուած անդիմանալի խնդութեամբ, սքանչանում է առաջադիր այս սխրալի պատմութեան վրայ, քանի որ մինչեւ այստեղ խօսեցինք կարծես թէմէկի գարշահոտ դիակի մասին, [այսինքն նրանց մասին], որոնք, հեթանոսական մոլորութիւններով հրապուրուած, հաղորդակից էին միայն մարմնականին եւ անցողիկ փառքին, զուրկ ու թափուր ճշմարիտ գեղեցկութիւններից եւ անկապտելի փառքից, իսկ այժմ փառաբանութիւն պիտի գրենք երկու բանի մասին` հոգեւորի ու մարմնաւորի, մնայունի ումշտնջենականի` որպէս գեղեցիկ ու անուշահոտ կենդանիմարդու մասին, [այսինքն նրանց մասին], որոնք պայծառացան արդար արեգակի անպարփակ ճառագայթներից եւ երկու աշխարհով վայելուչ ուզարդարուն դարձան: Եւ արդ` մինչեւ այստեղ, ըստ Սիւնեաց նահապետների եւ իշխանների յաջորդականութեան ու ազգակցութեան` ասելիք չունենք նրանց անունների ու սերունդների վերաբերեալ, որովհետեւ առաջին պատմագիրներին էլ անյայտ էին այդ իրողութիւնները, եւ մենք թէեւ շատ անգամ ջանացինք, բայց միայն այնքանը գտանք, որըվերը շարադրեցինք: Այսպէս էլ պէտք է նկատի ունենալ առաջիկաները: Իսկ թէ ինչո՞ւ` կասեմ պատճառը, որդու ինձանից չպահանջես իշխանների յաջորդական շարքերը եւ ժամանակագրութիւնը: Որպէս եւ այս Պատմութեան սկզբում նշեցինք, չգտանք առաջիններից [մէկին], որը այս մասին հոգ տարած լինէր եւ գրած ուրոյն պատմութիւններ ու [ցոյց տուած] այս աշխարհիեւ նրա տէրերի որպիսութիւնը, ինչպէս որ տեսնում ենք ուրիշներինը` Մամիկոնեաններինն ու Տարօնինը, Բագրատունիներինը, վասպուրականցիներինը, որոնք յետոյ թագաւորեցին, Վիրքինը, Աղուանքինը: Այդ պատճառով չեն երեւում իշխանների շարքն ու ժամանակների թուականները, միայն գտանք ցիր ու ցան առաջին պատմագիրների պատմութիւնների մէջ այս ու այնտեղ աղօտ կերպով նշուած: Այն էլ այն պատճառով, որ երբ ինչ-որ տեղ Սիւնեաց իշխանների կողմից որեւէ երեւելի գործ է ցոյց տրուել, պատմիչները ժամանակին անհրաժեշտութիւն են համարել այդ եւս յիշատակելու, իսկ աննշան ու անյայտ գործերի վրայ ընդհանրապէս ուշադրութիւն չի դարձուել` որպէս ինչ-որ օտարի: Դրահամար մենք եւս չհետեւեցինք ժամանակագրական յաջորդականութեան, այլ ժամանակի ընթացքում հանդիպած պիտանի բաները քաղելով առաջին պատմիչների խօսքերից` կշարադրենք ըստ կարողութեան:

Եւ այսպէս. երբ մեր Հայոց աշխարհում ծագեցին արդար արեգակի հոգեղէն ճառագայթները, եւ արեւելքում ու հիւսիսում ծաւալուեց Աւետարանի յորդառատ քարոզութիւնը` բազմաչարչար առաջամարտիկ առաքելական մարդու` սուրբ Գրիգորի շնորհիւ, երբ աստուածապսակ թագաւոր Տրդատը բոլոր նախարարներով ու խառնիճաղանջ ամբոխով մկրտուեց Եփրատ գետում, այնտեղ իր գնդով լուսաւոր մկրտութիւն ստացաւ նաեւՍիւնեաց մեծ իշխանը, որը նոյնպէս սուրբ Գրիգորի հետ գնացել էր Կեսարիա: Վերադարձին նա մտնում է Տարօն գաւառը եւ այնտեղ բազմաթիւ ու մեծամեծ քաջագործութիւններ ցոյց տալիս Գիսանեան կուռքերի քրմերի պատերազմում, որի մասին պատմում է տարօնցի Զենոբ եպիսկոպոսի գիրքը: Եւ բազում գանձերով ու ջանքերով մասնակից է դառնում սուրբ Կարապետի հանգստարանի կառուցմանը. այնտեղ, Գլակայ վանքում իր յիշատակի համար կոթող է կանգնեցնում քրիստոնէական խաչը: Իսկ այն ժամանակ, երբ գալիս ու հանդիպում է մեծ արքայ Տրդատին, ճանապարհորդ նախարարները հրաման են ստանում` գնալ իրենց գաւառները, հանգստանալ եւ հոգ տանել իրենց աշխարհների բարեկեցութեան: Եւ քանի որ նախարարների գաւառներում դեռ կային բազմաթիւ կուռքեր ու մեհեաններ, այնուհետեւ Սիւնեաց իշխանը, արքայից թոյլտւութիւն ստանալով, սուրբ Գրիգորից վարդապետներ եւ ուսուցիչներ է խնդրում, որպէսզի իր աշխարհին քարոզի քրիստոսեան Աւետարանը ու կործանի կուռքերի բագինները: Եւ Գրիգորը նրան տրամադրում է մէկին, որին բերել էր Ասորիքից: Ապա Սիւնեաց իշխանը մեծ ուրախութեամբ անցաւ, եկաւ իր աշխարհը, բոլոր իւրայիններին աւազանում մկրտեց լուսաւորութեամբ եւ կործանեց կուռքերի բոլոր բագինները ու իր ամբողջ աշխարհը քրիստոնեայ դարձրեց, բագինների տեղերն էլ յատկացրեց եկեղեցիների եւ աղօթատների շինութեանը: Եւ սա դարձեալ գնաց Տրդատ արքայի ու սուրբ Գրիգորի հետ` հանդիպելու Կոստանդիանոսին: Բիւզանդիայից վերադառնալուց եւ մեր Հայաստան աշխարհը գալուց յետոյ սուրբ Գրիգորը չէր դադարում շրջելուց, քարոզելուց ու եկեղեցիներ կանգնեցնելուց: Գնալով Վիրք, այնտեղից` Աղուանք, մինչեւ Մասքութք ու Հոնաց պահակը եւ բոլորին հաստատելով քրիստոնէական հաւատքի մէջ` գալիս է Փոքր Սիւնիք. մտնելով Ամարաս` եկեղեցի է շինում ու այնտեղ թողնում կրօնաւորներ: Եւ այնտեղից դուրս ելնելով` գալիս է Սիսական աշխարհիս սահմանները: Սիւնեաց մեծ նախարարը, նրան ընդառաջ ելնելով, բերում է մեր երկիրն ու իր տունը, թանկարժէք ընծաներով ուարքունական պարգեւներով պատւում նրան եւ ման ածելով գաւառներում` [բնակչութեանն] ամրապնդում է քրիստոնէական հաւատքի մէջ. համապատասխան տեղերում շինում է եկեղեցիներ ու կանգնեցնում տէրունական նշանը: Այնուհետեւ մինչեւ գործի աւարտուելը Աստծոյ բոլոր շնորհներով քիչ խնդութիւն չեղաւ բոլորին: Այդ պատճառով [նախարարը], ընկած սուրբ Գրիգորի առաջ, աշխարհի համար տեսուչներ եւ առաջնորդներ էխնդրում, որը եւ [Գրիգորը] փութով ու յօժարութեամբ համաձայնում է կատարել: Գալով Վաղարշապատ` ձեռնադրում է իր մերձաւոր աշակերտներից մէկին` ճշմարտախօս ու լաւ մի մարդու, լի բոլոր հմտութիւններով, երիտասարդ հասակով, Գրիգորիս անունով, տալիս է իշխանին տանելու եւ հաստատելու մեր Սիւնեաց աշխարհի եպիսկոպոս: Այստեղից եղաւՍիւնիքի եպիսկոպոսութեան սկիզբը: Եւ սա գալով մեծ ջանադրութեամբ ամրապնդեց քրիստոնէութիւնը նոր ընդունածների հաւատքը` չդադարելով քարոզել սուրբ Աւետարանի ճշմարիտ ուսմունքը: