Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  Ժ
ԲԻՒԶԱՆԴԻԱՅԻՑ ՇԱՊՈՒՀԻ ՄՕՏ ԲԱԲԻԿԻ ԳԱԼՈՒ, ՔԱՋՈՒԹԻՒՆ ՑՈՅՑ ՏԱԼՈՒ, ԻՐ ՀԱՅՐԵՆԻ ՍԻՒՆԵԱՑ ԱՇԽԱՐՀԸ ՎԵՐՍՏԻՆ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ, ԱՅՆ ՆՈՐՈԳԵԼՈՒ ԵՒ ԳԱՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՊԱՏԻՒ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ` ՔԱՂՈՒԱԾ ՏԷՐ-ՊԵՏՐՈՍԻ ՆՈՅՆ ՃԱՌԵՐԻՑ. ՍԱ ԵՂԱՒ ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈՒՀԻ` ՈՐՄԻԶԴԻ ՈՐԴՈՒ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԹՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ՏԱՐՈՒՄ

 

Պատրկաց պատրիկ Անդոկի վախճանուելուց յետոյ նրա որդի Բաբիկը մնաց որբ, անմխիթար ու միայնակ: Նա թէեւ բազմաթիւ ու մեծամեծ պատիւներ էր ստացել Թէոդոս Մեծ աստուածապսակ ու սուրբ թագաւորից, բայց չէր հանդուրժում իր բնիկ տէրութիւնից դուրս գտնուել` սաստիկ կարօտով փափագելով իր երկրին` ըստ Դաւթի այն ասածի, թէ`«իրենց հողերին կգթան» եւ դարձեալ ըստ իմաստունի այն խօսքի, թէ` «Մարդ իր ծնողներից ու գաւառից աւելիքաղցր բան չունի»: Եւ Բիւզանդիայից գնում է պարսից Շապուհ արքայի մօտ, հասնում է արքունիք, տեղաւորւում արքայի զօրականներից մէկի մօտ` կամաւոր ծառայութիւն անելով: Պարսկական ոլիմպիական պէս-պէս մրցախաղերում բազմաթիւքաջութիւններ է ցոյց տալիս` իր մասին ոչ ոքի չյայտնելով, թէ ո'վ կամ որտեղի'ց է: Հէնց այդ ժամանակ  Հոնաց երկրից Հոնագուր անունով մի  հոն դուրս գալով աւարում է ամբողջ Պարսից երկիրը: Նա [արքային] ասում է. «Ինչի՞ համար են արիւնահեղութիւնը եւ բազմաթիւ զօրքերի ոչնչացումը. ե'կ ես եւ դու առանձին մենամարտենք»: Եւայդ հոնը, որ ճանաչուած էր Հոնագուր անունով, իր չափազանց բարձր ու հաստ մարմինը զրահաւորեց յիսուն նիւթից կազմուած զրահով, ահեղակերպ գլուխը` երկաթագամ ու բեւեռապինդ սաղաւարտով, ճակատն էլ պղնձէ տախտակաձեւ յարմարանքով ամրացրեց, իր վրայ յարմարեցրեց փայտէ երկար կոթով հսկայական գեղարդը եւ բոցափայլ, արիւնթափող սուսերը` ահաբեկելով Մարաց, Պարսից ու Արեացաշխարհի զօրքերին, ինչպէս որ իր ներբողի մէջտեղեկացնում է երանելի Պետրոսը` Սիւնեաց եպիսկոպոսը, քերթողահայր Մովսէսի աշակերտը: Եւպարսից արքայից արքային հաղորդում են Բաբիկի մասին` ասելով. «Քո պալատում կայ մի մարդ, որի միջոցով կռիւդ գլուխ կբերուի»: Արքայից արքան կանչում է Բաբիկին եւ թագաւորական պատուի վճիռ է կայացնում ու հաստատում վարազագիր մատանիով եւասում. «Եթէ այս վրիժառութիւնը գլուխ բերես, արտայայտածս մեծամեծ խոստումների կարժանանասե: Եւ նա արքայի առաջ ձեռքը կրծքին է դնում որպէս նշան արքունի հրամանը կատարելու: Միաժամանակ ապաւինելով վերին օգնութեանը` վերցնում է զօրաւոր զէնքերն ու յարմարեցնում իր վրայ. արքունական մարգարտազարդ ճաճանչափալ զրահով [պատում է] վայելուչ մարմինը, վագրակերպ սաղաւարտով [ծածկում] գեղեցիկ գլուխը, պողպատէ սուսերը [կապում] սէգ մէջքին, ոսկեզարդ ու ականակուռ վահանը գցում ձախուսը, ամրակուռ աջ ձեռքում բռնում խոր մխրճուող սուր գեղարդը եւ ցատկելով ուժեղ սեւ ձիու վրայ`խոյանում է թշնամու դէմ: Յարձակւում են միմեանց վրայ: Գեղարդների հարուածների փոխանակումից որոտու ճայթիւն էին առաջանում առաւօտից մինչեւ [երեկոյեան] ժամը ինը: Եւ պարտւում է Հոնագուրահռելի հսկան, յաղթում է քաջ Բաբիկը, որը շտապով դիմում է միասայրի սրին ու նրանով տեղնուտեղը սպանում արիւնարբու, վիշապի ուժ ունեցող այդ գազանին:

Եւ ինչպէս վերն ասացինք, սա վերցրել ենքՍիւնեաց եպիսկոպոս երանելի Պետրոսի ներբողից, որ ստեղծել է վեհ Բաբիկի մասին, որին պարսիկները իրենցլեզուով լաւ էին կոչում: Այս սխրալի ու հրաշալիեղելութիւններից յետոյ պարսից Շապուհ արքանկանչեց Բաբիկին` մեծ ցնծութեամբ ու բերկրանքով, կատարելու նրան խոստացած իր մեծ խոստումները: Եւ նա արքայից արքայ Շապուհից խօսք առաւ` վերացնելու նրա պալատում դրուած հնոցի մոխրով լի սանդը, որը ծեծելիս, մոխիրը նկատի ունենալով, ասում էին. «Սիւնեաց տէրերի նախապատիւ գահակալութիւնը այս մոխրի հետ թող ցած թափուի, այդպէս էլ` նրանց կեանքն ու մտադրութիւնները»: Արքայից արքան մեծապէս զարմացած հրամայեց սանդը վերցնել այնտեղից: Ապա Բաբիկը խնդրեց արքայից արքային, որ միայն իր հայրենի աշխարհը` իր տոհմի նախնական բնիկ տէրութիւնը իրեն վերադարձնի: Արքայից արքայ Շապուհը նրան ընդառաջեց. մեծ պատուով ուղարկեց իր Սիւնիք աշխարհը եւ արտօնեց գահակալ դառնալ`Բագրատունի ու Մամիկոնեան իշխանների հետ հաւասար աստիճանով: Եւ Բաբիկը, անցնելով Երասխ գետը, կառուցում է մի գիւղաքաղաք ու անունը կոչում Նախկորզան, որ նշանակում է «նախ այն կորզելով իրեն վերցրեց իր հայրենիքից»: Ինչպէս վերն էլ ասացինք, պարսից Շապուհ արքայի` Որմիզդի որդու վաթսունութերորդ եւ հայոց Խոսրով թագաւորի երկրորդ տարում Բաբիկը Սիւնիքի տիրակալ դարձաւ. նրանից էլ ստացաւ իշխանութիւնը: Սա եղաւ հռոմէական հարիւր քսանչորս թուականին, որը ստոյգ իմացանք, - հայկական թուականութիւնից էլ հարիւր երեսունութ տարի առաջ: