Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԺԱ
ՇԱՂԱՏԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՅԱՅՏՆՈՒԵԼԸ ԵՒ ՆՐԱՆՈՒՄ ԵՂԱԾ ԱՆՉԱՓ ՍՐԲՈՒԹԻՒՆՆԵՐԻ` ԽԱՉԵՐԻ ՈՒ ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳՏՆՈՒԵԼԸ. ԳՈՐԻ, ԳԱԶԱՆԻ ԵՒ ՈՒՐԻՇ ՊԱՐՍԻԿՆԵՐԻ [ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԵԱՆԸ] ՀԱՒԱՏԱԼԸ. ՏԻՐՈՏ ԵՐԷՑԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ

 

Ուրիշ ոչ մի բան կեանքում [աւելի] բաղձալի չէ, քան միայն մարդու սեփական ժառանգութիւնը, որի մէջ ծնուել, սնուել է ու կամենում է վայելել: Մօր ստինքների ու հօր գութի նման այն քաղցր է թւում ժառանգորդի հոգուն: Այդ պատճառով սա միշտ ձգտում է շրջել եւ տեսնել, ուրախանալ ու զուարճանալ նրանով, ինչպէս այս գովելի եւ քաջ երիտասարդ Բաբիկը, որ իր հայրենի ժառանգութեանը տէր դառնալուց յետոյ ելնում է որս անելու Սիւնեաց որսասուն ու որսառատ վայրերիլեռներում, ուրախանալու եւ զուարճանալու սովոր տեսարաններով` խնջոյքներով ու խրախճանքներով, նաեւ տեսնելու գաւառների որպիսութիւնը` իր իշխանութեան առաջին տարում: Նկատի առ, որ սա ոչ թէինչ-որ աշխարհիկ զուարճութեան դատարկ գործ էր, այլ հոգուց էր մղուած: Եւ նա, այդպէս առաջ անցնելով, տեսաւ այս սիրելի աշխարհը ողորմելի տեսքով` մարդ ու անասունից թափուր, գեղեցիկ եւ յարմարաւոր աւաններնու շէները, գիւղերն ու ագարակները հիմնակործան արուած, ամբողջը ոչնչացուած ու աւերակ դարձուած:

Այս ողբալի պատկերները տեսնելուց յետոյ անցնում է Ծղուկ գաւառը, հասնում է Շաղատ բնակելիաւանը, դիմում է դէպի արեւելեան կողմի հանդիպակաց մի բլուրը: Հէնց այդ ժամանակ բլրից մի եղջերու է դուրս գալիս եւ խուճապի մատնուելով փախչում է` իրեն գցելով եկեղեցաբլուրը: Բաբիկը, արագաքայլ ձիով հետապնդելով, եղջերուի ետեւից բարձրանում է եկեղեցաբլուրը: Եւ այն ժամանակ ձիու ոտքերը խրւում են բլրի մէջ, իսկ եղջերուն բլրում աներեւութանում է: Սիւնեաց տէր Բաբիկը, ձիուց իջնելով եկեղեցաբլրի վրայ, հրամայում է բազմութեանը ձիու խրուած ոտքերըդուրս քաշել բլրից: Եւ երբ Սիւնեաց տէր Բաբիկիշքախմբի բազմութիւնը ուժգնօրէն դուրս է քաշում, կրկին սաստիկ զարմանք ու ահ է համակում ամբողջ բազմութեանը, որովհետեւ ձիու ոտնատեղերից անուշահոտութիւն է բուրում եւ գրեթէ ամբողջ գաւառաձորը լցնում: Սիւնեաց տէր Բաբիկը հրամայում է բազմութեանը` քանդել բլրի հողը: Եւ [քանդելով] հողը` նրա տակ տեսնում են քարակոփ չքնաղաշէն եկեղեցի, որպիսի հրաշալի ճարտարապետական կառուցուածք ուրիշ ոչ մի տեղ չկար. գմբէթն ուխորանները քառակողմ էին, միայարկ, մէկ [ընդհանուր] տանիքով եւ ոչ թէ առանձին-առանձին, ինչպէս ուրիշ քարակերտ եկեղեցիներն են:

Եւ բացելով Ստեփանոս Նախավկայի սուրբ եկեղեցու դռները` տեսնում են բազմաքանակ ոսկէ ու արծաթէ խաչեր, բազում պատուիրանագրքեր, Սիւնիքի բոլոր եկեղեցիների ուրիշ սպասքներ` իւրաքանչիւրը իր գիւղաքաղաքի գրութեամբ, ինչպէս նաեւ սուրբ ու պատուական նահատակների անթիւ եւ անհամար նշխարները, որոնք մնացել էին եկեղեցու պատերի մէջ:

Շաղատի եկեղեցու այս յայտնութիւնը եւ սրբութիւնների գիւտը եղան հոռի ամսի մէկի օրը: Եւ այն ժամանակ ամէն տարի Սիւնեաց տէրն ու եպիսկոպոսը հանդէս գումարելով` տօնախմբութեամբ նշում էին սուրբ եկեղեցու երեւման օրը` որպէս ամբողջ Սիւնեաց աշխարհի մայր եկեղեցու [օր]: Եւ այն օրը մաղթողական ժամերգութեամբ ինչ որ խնդրում էին Աստծուց, լինում էր հրաշքների կատարումով: Սուրբ Ստեփանոսի սուրբ եկեղեցու տեղի ունեցած հրաշքները, զանազան հիւանդութիւնների բուժուելը տեսնելով` հաւատացին ու մկրտուեցին այն ժամին այնտեղ հանդիպած Գոր եւԳազան երկու եղբայրները` իրենց գնդի պարսիկ բազմութեամբ հանդերձ, որոնք եկել էին Պարսկաստանից Սիւնեաց տէր Բաբիկի հետ:

Սիւնեաց տէր Բաբիկը վիճակով բաժին է հանում Գորին ու Գազանին. Գորին` աւագ եղբօրը, հասնում է Խոտ աւանը, իսկ արի քաջամարտիկ Գազանին` Շաղատ գիւղաքաղաքը` հանդերձ եկեղեցով, որը այն ժամանակ եկեղեցիների մայր էին անուանում: Սիւնեաց տէր Բաբիկը վանական պաշտօնեայ է նշանակում ընտրեալ Տիրոտին` հաւատարիմ, սուրբ ու ներանձնացած քահանային, որի նման առաքինի վարքով ոչ ոք չկար այնժամանակ: Հրաշագործ հաւատքով էր, որի մասին մի փոքր պիտի յիշատակենք: Երբ գայլը ուլ կամ գառ էր յափշտակում, եւ Տիրոտին իմաց էին տալիս, նա իր սուրբ աջով գազանի դէմ խաչի նշան էր անում ու ասում. «Քրիստոսի միջոցով եմ ասում` չհամարձակուես տանել», եւ գազանը, ուլը կամ գառը ցած դնելով, հանդարտ կերպով հեռանում էր: Շաղատի մի թաղը գտնւում էր լեռան վրայ, մի ծովակի եզրին: [Այնտեղ միանգամ] երանելի Տիրոտը նստած էր մարդկանց մէջ. ծովակում գորտերն իրենց սովորութեան համաձայն կռկռոց էին տարածում` շարունակ աղաղակելով: Երանելի Տիրոտը բարկացաւ նրանց վրայ ու ասաց. «Օ~հ, դադարեցրէ'ք ձեր անհեթեթ կռկռոցը»: Եւ գորտեր ըերկար ժամանակ կարկամեցին ու չկարողացան կռկռալ: Մի օր էլ սուրբ, երանելի Տիրոտը եկաւ նոյն տեղը, եւտեղի բնակիչները յիշեցրին գորտերի մասին: Նա ասաց. «Հրամայել եմ նրանց ազատ զգալ ու նոյն դատարկ կռկռոցը վերսկսել»: Եւ գորտերը իսկոյն աղաղակ բարձրացրին ու առաջուայ պէս բարձր ձայնով շարունակ կռկռում էին:

Մէկը եւս. մի օր երեկոյեան տեսաւ օրանը հրդեհուած, գաւազանը նետեց օրանի կրակի մէջ: Եւառաւօտեան, երբ համապատասխան աղօթքը վերջացրեց, կարգադրեց բերել իր գաւազանը: Մարդիկ աղմուկ բարձրացրին ու ասացին. «Օրանը սաստիկ այրուել է. այժմ գաւազանը որտե՞ղ փնտրենք, բարի տէր Աստծոյ»: Իսկ Տիրոտը սաստելով նրանց ասաց` բերե'լ: Եւ մարդիկ գնացին, տեսան սուրբ Տիրոտի գաւազանը կրակի մէջ անվնաս մնացած` Աստծոյ շնորհիւ: Մեծ զարմանքով երանելի Տիրոտի մօտ բերեցին գաւազանը` կարմիր գոյն ստացած, ինչպէս կրակ: Եւ նա, այն վերցնելով իր ձեռքը ու նայելով գոյնին, ասաց. «Այսպէս արիւնագոյն, կարծես կրակ կտրած, կսկծալով այրւում է օրանի տիրոջ սիրտը»: Այլեւ` «Յաւիտենական անողորմ, անշէջ հրով պիտի դատուեն այն վնասակար գործը կատարողները»:

Երանելի Տիրոտը մի մշակ ունէր, որը դաժան ու չարաչար վնասներ գործեց, եւ սուրբը չարանալով` ցասմամբ նրան ասաց. «Գնա', քո վարձը չեմ տալիս»: Նա, գաղտագողի ու խորամանկութեամբ մի կացին վերցնելով, գնաց: Երբ հասաւ Անձնատու փոսը, որը գտնւում է եկեղեցու արեւմտեան կողմում, մօտ մի ձայն տալու հեռաւորութեամբ, ոտքերը կապ ընկան, ու չկարողացաւ քայլել: Վերադառնալով սուրբ Տիրոտի մօտ, զղջալով ու մեղայ գալով` կացինը դրեց նրա առաջ: Իսկ հեզ, բարեպաշտ, սուրբ ու սիրելի Տիրոտը դարձեալ վարձը տուեց, օրհնեց եւ հեռացրեց իրենից:

Մէկ ուրիշն էլ. գետի միւս կողմում մի ջրաղաց կար: Երանելի Տիրոտը, ջրառատ տեղերով, միշտ խաչակնքելով, աներկիւղ անցնում էր գետը: Օրերից միօր տեսաւ ցանկալի ու գեղեցկատես մի ջահել էշ եւ իր մտքում ասաց. «Գնամ, այն իշով անցնեմ գետը»: Եւ նստեց էշն ու մտաւ գետը: Գետի մէջ էշը նրան դառնալով փայլատակումով ցոյց տուեց իր երկաթէ ատամները եւասաց. «Դու իշի այսպիսի ատամներ տեսե՞լ ես»: Իսկ նա, պատեանից հանելով իր փոքրիկ դանակը, ցոյց տուեց եւասաց. «Իսկ դու իշի այսպիսի մտրակ տեսե՞լ ես. ինձ անցկացրո'ւ գետը, եթէ ոչ` կխփեմ, կվիրաւորեմ քեզ»: Եւ սրբին անցկացնելով գետը` չար սատանան աներեւութացաւ: Երանելու միջոցով ուրիշ շատ հրաշագործութիւններ էին կատարւում. պէս-պէս ցաւերու տառապանքներ դադարում էին, դիւահարներ`բուժւում նրա աղօթքներով: Այդ սուրբը վախճանուելով գերեզման դրուեց սուրբ եկեղեցու արեւելեան կողմում, որտեղ էլ նրա գերեզմանից շատ օգնութիւն էր լինում հիւանդներին: Այլեւ` նրա կողմից իրաւունք չվերապահուեց կանանց` մտնել սուրբ եկեղեցին, ինչպէս եւ կին ունեցող քահանա[ներ]ին` այս սուրբ տեղում պաշտօնավարել: Կրօնական այս կարգ ու կանոնով Շաղատի սուրբ եկեղեցին մնաց մինչեւ երեքհարիւր [851] թուականը: