Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  ԺԳ
ԴԱՐՁԵԱԼ` ԲԱԲԻԿԻՆ ՅԱՋՈՐԴԱԾ ԻՇԽԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սօսու պէս վայելչագեղ, սիրասուն, շքեղազարդ ու գեղանի այն Բաբիկը` Անդոկի որդին, գովելի գործով եւ բոլորից գերազանց հաւատով, Սիւնիքի սեփական իշխանութիւնն ստանալուց եւամբողջ աւերուած գաւառները նորոգելուց յետոյ` կրկնակի անգամ առաւել, քան առաջինները, ունենում էՎասակ անունով մի որդի: Երբ [Վասակը] մեծանում է, [հայրը] նրան նուիրում է պարսից արքայ Վռամի արքունիքին: Քանի որ եօթանասուներկու տարի թագաւորելուց յետոյ վախճանւում է Շապուհը, եւ թագաւորութիւնն ստանձնում է նրա որդի Արտաշիրը, [իշխում] երեք տարի, ապա` Կրմանը, այսինքն` Վռամը, տասնմէկ տարի: - Սա նա չէր, որ պատերազմեց Հայաստանի դէմ: - Այնուհետեւ` Յազկերտը` տասնմէկ տարի: Իսկ Բաբիկը, ստանալով Սիւնիքի իշխանութիւնը պարսիցՇապուհ արքայի վաթսունութերորդ տարում եւ իշխելով քսանմէկ տարի, այս կեանքից փոխադրւում է դէպի երկնքի անփոփոխ թագաւորութիւնն ու անվախճանելի ուրախութիւնը: Իսկ նրա սենեկապետ Սամ Գնթունին գնում է արքայի պալատը եւ յայտնում մահուան բօթը: Դրանից Վռամը տրտմում է եւ մորմոքում պալատում գտնուող մանկան համար, իր սենեկապետի հետ մտածում է [Սիւնիքի] իշխանութիւնը յանձնել Վասակին ու նրան ուղարկել իր երկիրը: Եւ սենեկապետն այս իմանալով գալիս է Վասակի մօտ ու նրան աւետում արքայի մտադրութիւնը: Իսկ Վասակը, տարուած լինելով չար ուչոր մտքերով, նրան ոչ թէ աւետչեայ է շնորհում, այլ, սառն ու անշնորհակալ պատասխան տալով` ասում է. «Ի՞նձ է տէր դարձնում [այն դէպքում], երբ Սիւնիքիժառանգութիւնը իմ բուն հայրենականն է»: Սենեկապետը գնում, սա յայտնում է արքային: Իսկ Վռամը մռայլւում է Վասակի խօսքերի վրայ եւ հրամայում է ներս կանչելԲաբիկի սենեկապետ Սամ Գնթունուն, որին եւ նշանակում է Սիւնիքի տէր: Սա, իշխելով մէկ տարի, մեռաւ` դաւաճանութեամբ թոյն խմեցուած լինելով: Նրանից յետոյ ինը տարի [իշխեց] Վաղինակը` Սիւնիքիիշխանների բնիկ ցեղից: Սրանից յետոյ էլ Բաբիկի որդիՎասակը Վռամշապուհից ստանում է իր իշխանութիւնն ու վարում երեսունինը տարի: Ուրիշ զրոյցներ ու գործեր եւս, որ եղել են սրանց օրօք, չենք անտեսի, այլ ըստ պատշաճի կյիշատակենք պիտանիների մասին: