Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  ԺԹ
ԱՅՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԹԱՂՈՒԱԾ ԵՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՏԱՐԲԵՐ ՏԵՂԵՐՈՒՄ. ԱՅԼԵՒ ՎԿԱՅԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԿԱՌՈՒՑՈՒԵՑ ԵՂԵԳԻՔ ԵՒ ՄՈԶԱՆ ԳԵՏԵՐԻ ՄԻՋԵՒ` ԱՅՆ ԲԼՐԻ ՄՕՏ, ՈՒՐ ԱՄՐՈՑՆ ԷՐ

 

Մեր Հայոց աշխարհի աւերումից եւ սուրբ Վարդանանց [պատերազմի] աւարտից յետոյ պարսկական սուրը քսաներեք տարի չդադարեց արամեան սերունդը կոտորելուց, քանի որ Հազկերտից յետոյ թագաւորեց անիծեալ արիւնարբու Պերոզը` քսաներկու տարի, որը խստացրեց մեր Հայոց աշխարհի անողորմ կոտորումն ու գերումը, այրումն ու քանդումը: Իսկ հեփթաղների թագաւորի կողմից նրա սպանուելուց եւ ամբողջ տնով ու զաւակներով բնաջնջուելուց յետոյ Պարսկաստանում թագաւորում է խաղաղասէր Վաղարշը, որն իր տիրապետութեան առաջին տարում հաշտութիւն կնքեց Վահանի եւ հայոց ուրիշ նախարարների հետ: Վահանին նշանակեցին մեր երկրի մարզպան: Երդման պայման կնքեցին ու խաղաղութիւն հաստատեցին Հայաստանում:

Իսկ սուրբ Վարդանից յետոյ պարսկական զօրքը վխտում էր ամէն տեղ. ոմանք արշաւում էին փախստականների ետեւից, ոմանք` բերդերի ուամրոցների դէմ եւ ձգտում էին բնաջնջել, արմատախիլ անել հայ ժողովրդին: Ամեն մի հայ զինորի դէմ սուր կար մերկացուած. ուզում էին, որ բոլորը միաձայն ուրանան Քր իստոսին եւ ընդունէին արեգակի պաշտամունքը, հակառակ դէպքում մեռնեն անմիջապէս: Այդ պատճառով էլ մեր Հայոց երկրի բոլոր քարքարուտները, խորաձորերը, հովիտներն ու բլուրները լցուեցին նահատակներով եւ կէսգիշերինփայլող աստղախմբերի նման թանձրախիտ էին երկրի երեսին: Այսպէս էլ կարելի էր տեսնել մեր Սիսական աշխարհում, Վայոց ձոր գաւառում, ուր հայոց զօրքերից փախել-եկել էին եւ ուզում էին անցնել Արցախի ամուր աշխարհը: Նրանց հետապնդեց Աթաշխուդայի չարահնար պարսկական անիծեալ զօրքը: Հասնելով Վայոց ձոր գաւառի մէջտեղը, Եղեգիս եւ Մոզան գետերի միջեւ գտնուող քարաժայռերով պատած բլրի մօտ, [ուր դիմել էին փախստականները] տեղի ամրութեան պատճառով, մեծ արիւնահեղութիւն արեցին: Քրիստոսի անուան պատճառով կոտորեցին բազմաթիւ գեղեցիկ մարդկանց` հայոց ազնուական տոհմերից, որոնց վրայ վերուստ զարմանալի հրաշքներ եղան: Իսկ միւսներին հետապնդեցին եւ նրանց մի մասին հասնելով մի բերդաժայռի ստորոտում, նեղ ձորակի մէջ` այնտեղ կոտորեցին. սրանց գլխաւորի անունը Մարտիրէ էր: Հէնցայն տեղն էլ կոչուեց Անգեղաձոր: Եւ այնտեղից արշաւելով վրայ հասան երեք հարիւր մարդու Ոստինք եւ Արտաբոյնք կոչուած [գիւղերի մօտի] գետախառնման տեղում, որտեղ նրանց էլ խողխողեցին, որոնց վրայ հետագայում տեղի բնակիչների կողմից եկեղեցի կառուցուեց: Եւ պարսիկներն այնտեղից մի փոքր անցան դէպի ձորաբերանը, որը ձախ կողմից դէպի վեր նայում է Ցաղաց քար կոչուած սուրբ վանքին` կառուցուած բարձրաւանդակի վրայ, երկու այն գիւղերի սահմանների միջեւ, որ վերը նշեցինք: Այնտեղ եւս կոտորեցին սեպուհ մարդկանց եւ ընտիր զօրականների մեծ բազմութիւններ: Ապա եկան գիւղի հրապարակը, վրաններ խփեցին, կոտորածից յոգնած ու թուլացած` ուզեցին գիշերել: Իսկ կէսգիշերին մի պարսիկ, որ զօրքի դէտքն էր, տեսաւ երկինքը բացուած եւ ուժեղ լոյս սփռուած սպանուածների վրայ ու մի ոսկեղէն կառք խիստ բարձր` վրան նսած մի կին` թագաւորական ծիրանի զգեստներով, հրեշտակների հսկայական զօրախմբերով շրջապատուած: Նա նայում էր կոտորածին, ողբագին լալիս ու գգւում ընկածներին մէկ առ մէկ: Եւ այն պարսիկը զարհուրելով կամեցաւ իմաց տալ իրենց զօրքին, բայց ոտքերն ու լեզուն կապուեցին: Ապա մէկը սրբերի զօրախմբից մօտեցաւ նրան, եւ նա հարցրեց` այդ ո՞վ է: Իսկհրեշտակն ասաց. «Դա երկնային Թագաւորի մայրն է, որ իջել է նահատակների ու իր Որդու սիրելիների մօտ եւ ուզում է մէկ առ մէկ փառաբանել նրանց»: Այդ տեսարանը մնաց մինչեւ առաւօտ ու աներեւութացաւ:

Իսկ երբ լոյսը բացուեց, զօրքը կամեցաւ այդտեղից հեռանալ, այն մարդուն գտան թուլացած, ընկած: Նրան հարցրին պատճառը, բայց նա ուրիշ բանչէր կարողանում պատասխանել, միայն մատով ցոյց էր տալիս ու լեզուով ասում. «Մայր անդ այ, մայր անդ այ», որի համար էլ մինչեւ այժմ այն տեղի անունը Մարանդ է կոչւում: Եւ այն պարսիկը գնաց, սրբերի [ոտքն] ընկաւ, բուժուելով ինքն էլ քրիստոնեայ դարձաւ ու իր կեանքի բոլոր օրերում ծառայում էր սրբերին: Յետոյքրիստոնեաները գնալով նրան էլ ամփոփեցին սրբերի մէջ ու վրան մատուռ շինեցին: Իսկ առաջին սրբերին, որ սպանուել էին բլրի մօտ, ժամանակին թաղել էին քրիստոնեայ մարդիկ: Այդ ժամանակ կաթողիկոսն էր Գիւտը, որը, այդ մասին լսելով, կարգադրում է սրբերի վրայ մեծ վկայարան կառուցել ու նրանց ոսկրերը հաւաքել վկայարանի մէջ: Ապա Հրեւն ու Շահիրետը, Արշէն երէցն ու Աբդիուն գործի անցնելով` սուրբ կաթուղիկէի հիմքը դրեցին երանելի Գիւտի` հայոց կաթողիկոսի իններորդ տարում, ամառնամուտի ամսի հինգերորդ օրը: Կառուցումն աւարտեցին մեծ գանձեր ծախսելով: Կանգնեցրին մի երկնանման ճեմարան հրաշակերտ կառուցուածքով` երկնագմբէթ, եռախորան, երկու կողմերից գաւիթներ ու սրահակներ, վերնատներ`սիւներով եւ սքանչելի յօրինուածքով շինուած: Եւ ամբողջ վայրը, մեծ գետից մինչեւ վեր, Սրկղոնք կոչուած լեռնակողմը որպէս կալուածք ընծայուեց եկեղեցու պաշտօնեաներին:

Երբ գործն աւարտւում է, գալիս են երանելի Գիւտ կաթողիկոսը եւ Սիւնիքի եպիսկոպոս Անանիան ուբազմամարդ հանդէսով սրբերին տեղափոխում են հանգստեան եւ ութ օր տօնում են սուրբ եկեղեցու նաւակատիքը, ի փառս յաւիտեան օրհնեալ մեր ԱստուածՔրիստոսի: Բայց այժմ աւերուելուց յետոյ տեղը դարձել է գեղջուկների բնակավայր եւ կոչւում էԽոտորալէզ: Ահա այս ամէնն իմացանք իր արձանագրութիւններից, մի մասն էլ` գրքերից, տեղերի ու նահատակների անուններից, հաւաստի հին աւանդութիւններից. եւ [այսպէս] բոլորին ստոյգ կերպով տեղեկանալով` աւանդեցինք ձեզ: