Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԼԴ
ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔԻ ԵՒ ՄԽԻԹԱՐ ՎԱՆԱՀՕՐ ՄԱՍԻՆ

 

Այն ժամանակ սուրբ եւ անպատմելի կարգով ծաղկում էր հրաշափառ ու հռչակաւոր Թանահատի վանքը, որը գտնւում է վերին Սիւնիքի մի լեռան ստորոտի բարձրադիր տեղում, անտառի մէջ: Այնտեղ կայինմշտապէս աղօթող նուիրեալ կրօնաւորներ` հեռացած ամէն տեսակի փափուկ կերակուրներից, միայն ցամաքհացով ու լոկ ջրով էին յագեցնում իրենց քաղցն ու ծարաւը, այն էլ օրը մէկ անգամ, երեկոյեան դէմ: Լուռու մունջ, անվրդով, որպէս վառ կանթեղներ կախուած էին աղօթքի համար գիշեր ու զօր. եւ նրանց պաշտամունքային արարողութիւնները գիշեր-ցերեկ երբէք չէին դադարում: Սպասաւորներից բացի, վանքիդռներից ոչ ոք դուրս չէր գալիս: Թէեւ շատ անգամ Սիւնեաց իշխանների ու եպիսկոպոսների կողմից ստիպուեցին, բայց չհամաձայնեցին կիրակիները թան, պանիր կամ իւղ ճաշակել, միայն բաւարարւում էին բանջարեղէնով ու ընդեղէնով: Այդ պատճառով էլ թանահատներ կոչուեցին: Միայն գլխաւոր տօներին ձէթ էին ճաշակում, այն էլ քիչ` բաժակներով: Այս մասինմենք տեղեկացանք երանելի Մաշտոց ՍեւանցուՊատմութիւնից: Բայց տեղի արձանագրութիւններում գտանք, որ եկեղեցին հայոց թուականից չորս հարիւր տարով աւելի առաջ է կառուցուել Սիւնեաց իշխանների ու եպիսկոպոսների կողմից, Ստեփանոս սուրբՆախավկայի անունով:

Այդ սուրբ վանքում Մխիթար անունով վանահայր է եղել, որը ճգնութեամբ անցել էր առաքինութիւնների բոլոր աստիճաններով եւ վայրենի գազանները` արջերն ու գայլերը, հնազանդեցնում էր սուրբ եկեղեցուն, ծառայեցնում էր վանքին, որը եւ ցոյց է տալիս արձանագրութիւնը, թէ` «դարձրեց հարկատու մեքոր[ա]ին», այսինքն` եկեղեցուն: Գայլերը զգուշութեամբ պահպանում էին ոչխարների հօտերը, տաւարի նախիրները, իսկ արջերն իրենց մէջքով բեռ էին կրում: Սուրբ հայր Մխիթարը շարունակ անտառ էր գնում, նստում վանքի դիմաց, նրա մօտ հաւաքւում էին բոլոր վայրի գազանները, եւ իբրեւ հասկացող` իւրաքանչիւրն իր կարիքների համաձայն խնդրում էր նրանից աղօթք ու ողորմութիւն: Սուրբ հայրը վանքը կարգի գցեց եւ շատ տարիներ անց վախճանուելով` փոխադրուեց հրեշտակների շարքը: Նրա մարմինը փայտէ արկղով դրուեց եկեղեցու մօտգտնուող մի փոքր բլրակի վրայ, որտեղ գետնափոր եւ սրբաշէն գերեզման պատրաստեցին ու նրան ամփոփեցին այնտեղ, որը մինչեւ այսօր էլ մնում է եւ մեծամեծ հրաշքներ է կատարում հիւանդների ու ցաւագարների համար: Նրա բարեխօսութեամբ Քրիստոսը թող գթայ այս աշխարհին եւ մեզ` հետագայի թշուառացողներիս: