Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ը
ՍԻՒՆԵԱՑ ՄԵՏՐՈՊՕԼԻՏ ԳՐԻԳՈՐԻՍԻ ՎԱԽՃԱՆՈՒԵԼՈՒ ԵՒ ՆՐԱ ԱԹՈՌԸ ՍՈՒՐԲ ՄԱՇՏՈՑԻ ՓՈԽԱՆՈՐԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հների գրքերում այս ու այնտեղ ինչ որ գտանք մասնաւորապէս, ճշտութեամբ քննելով զետեղեցինք այստեղ, որը եւ այս է հաղորդում:

- Երբ Ներսէս Մեծը վերադառնում է Կեսարիայից եւ մեր Հայոց աշխարհում գովելի օրէնքներ է հաստատում, այնուհետեւ քիչ ժամանակ անց վախճանւում է Սիւնեաց եպիսկոպոս Գրիգորիսը` եպիսկոպոսութեան պաշտօնում մնալով քառասունվեց տարի: Եւ Սիւնիքի մեծ նահապետ ու նախարար Անդոկը իր աշխարհի համար սուրբ Ներսէսից առաջնորդ ու տեսուչ է խնդրում: Իսկ սա, կատարելով նրա խնդրանքը, երանելի Մաշտոցին ձեռնադրում ու նստեցնում է Սիւնիքի մետրոպոլիտական աթոռին` Գրիգորիսից յետոյ երկրորդը: Եւ նա գալով առաքինի վարքով ու ջանադրութեամբ զարմացնում է բոլորին, բարեպաշտութեան բազմաթիւ օրէնքներ է սահմանում այս աշխարհում, գիշեր ու ցերեկ չի դադարում իր համայնքին քարոզելուց: Եւ այսպէս բարի վարուեցողութեամբ ու իսկական առաքինութեամբ մնալով մետրոպոլիտական աթոռին որոշ տարիներ` փոխադրւում է հրեշտակների կարգը: Ապա երկար տարիներ աթոռը խափանուեց, քանի որ Սիւնիքի իշխանութիւնը խանգարուեց պարսից թագաւորների կողմից, երկիրը մնաց անիշխան, ամայի եւ զուրկ ամէն տեսակի բարենորոգումներից, մարդկանցից ու անասուններից` քսանհինգ տարի: Դրա պատճառն ու որպիսութիւնը այժմ կշարադրեմ: