Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Թ
ՍԻՒՆԵԱՑ ԱՆԴՈԿ ԻՇԽԱՆԸ ԵՒ ԻՐ ԱՐԱԾ ԳՈՐԾԵՐԸ. ԱՅԼԵՒ ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈՒՀ ԱՐՔԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՍԻՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՏԱՐՈՒԱԾ ԴԷՊՔԵՐԸ. ԱՆԴՈԿԻ ԳՆԱԼԸ ՅՈՒՆԱՑ ԹԷՈԴՈՍ ՄԵԾԻ ՄՕՏ ՈՒ ԱՅՆՏԵՂ ՎԱԽՃԱՆՈՒԵԼԸ` ԸՍՏ ՍԻՒՆԵԱՑ ՍՈՒՐԲ ՊԵՏՐՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՊԱՏՄԱԾՆԵՐԻ

 

Ստուգութեամբ քննելով իմացանք, որ սուրբ Ներսէսի անէծքը Արշակի նկատմամբ կատարուեց, քանի որ [Արշակը], ինքնակամ թողնելով հայոց թագաւորութիւնը, գնաց Շապուհի մօտ եւ այնտեղ Անուշ բերդում ինքնասպան եղաւ: Իսկ նրա թագաւորութիւնը, Ռոբովամի թագաւորութեան նման, երկու մասի բաժանուեց, եւ մեր երկրի կէսն ընկաւ պարսից, կէսն էլ յունաց իշխանութեան տակ: Այդ պատճառով էլ Սիւնիքի իշխանութիւնն ընկնում է պարսկական բաժնի մէջ: Իսկ այս Անդոկը ուրիշ նախարարների հետ շարունակ լինում էր արքունիքում. սա հայոց իշխանների մէջ հզօր ու փառաւոր էր եւ խնամիութեամբ կապուած էր Արշակունիների հետ, որովհետեւ իր զարմանագեղ դստերը` Փառանձեմին, տուել էր Արշակի եղբօրորդի Գնելին կնութեան, որին յետոյ Արշակն ինքը կին վերցրեց եւ նրանից ունեցաւ իր Պապ թագաժառանգը, որը հօրից յետոյ թագաւորեց Հայաստանին:

Եւ պատահեց մի ազատ օր, որ Շապուհը`Որմիզդի որդին, Պարսից, Արեաց ու անթիւ այլ աշխարհների արքայից արքան կամեցաւ զուարճանալ եւ ճաշկերոյթ սարքեց բոլոր մեծամեծների` պարսիցամբողջ հնամենի ազնուական տոհմերի նախարարների ուԱրեաց գնդի համար, ըստ պատուաւոր դիրքի յարգելով`իւրաքանչիւրին առանձին բաժակաճառերով ուպսակներով իր առաջ խիստ պատուաւոր էր ներկայացնում: Մովպետան մովպետին էլ արքունական այդ հրաւէրքի ժամանակ մեծապատւութեամբ մեծարում էր: Ապա պարսից Շապուհ թագաւորը խորհուրդ անելով սկսեց խօսել հայոց նախարարների հետ եւ ասել. «Պարսիկներին, պարթեւներին` բուն պահլաւիկներին, եւ Արեաց աշխարհիս ազնուական մարդկանց դասերը, նախամեծար պատուաստիճանների կարգերն ուորպիսութիւնը քաջ գիտենք, բայց Հայաստանի ազնուական տոհմերը, նրանց նախնական պատուաստիճանաւորումն ու գահակալութիւնները չկարողացանք իմանալ ո'չ մեր նախնի թագաւոր հայրերից ու պապերից, ո'չ էլ բազմագէտ մատենագիրներից: Արդ` ձեր` հայոց նախարարներիդ ու ազնուական մարդկանցդ առաջ ծառացած է [ընտրել] երկուսից մէկը` կատարել մեր` Արեաց աշխարհի բոլոր ազնուատոհմ կուսակալների պահանջը. ցոյց տալ ձեր նախնական պատմութիւնը ըստ ներկայացած ազնուազարմերիդ իւրաքանչիւրի տոհմի պատուաստիճանն ու սկզբնական իշխանական դիրքը եւ դարձեալ ընդունել առաւել շատ շքեղաշուք մեծարանքներ: Իսկ եթէ չէք կարող արեաց այս համագունդ բազմութեանը ակնյայտօրէն ցոյց տալ ձեր իշխանական դիրքի գրութիւնը, ապա ձեր պատիւն ուտունը, հողն ու ջուրը, ամբողջ ունեցուածքը Արեաց աշխարհի ազնուական մարդկանց կտանք եւ ձեզ շնորհազուրկ ու ձեռնունայն բաց կթողնենք: Եւ ձեր գիւղերի ու ապարանքների ունեցուածքը արեաց ազնուական մարդկանցս ծառայութեան տակ կլինի»: Մեծ Հայաստանի իշխաններն ու իշխանապետերը անմիջապէս խորհուրդ արեցին եւ թագաւորին ներկայացրին բոլոր գրքերից սիրելին` հրաշապատում գրաւոր շարադրանքը, սուրբ Գրիգորի գիրքը, որ Ագաթանգեղոս է կոչւում: Պարսից թագաւորը հրամայեց կարդալ եւ թարգմանել պարսկերէն լեզուով ու գրով: Եւ իմանալով, որ այն սկսւում է իր նախնի Արտաշիրից, չափազանց ուրախացաւ համախմբուած արեաց բազմութեան առաջ: Վերցնելով սուրբ Գրիգորի գիրքը` դրեց իր աչքերի վրայ: Պարսից թագաւորն ուրախացած համբուրում էր սուրբ Գրիգորի այդ գիրքը եւ խանդաղատանքով գուրգուրում ու պարսկերէն պէս-պէս խօսքերով գովաբանում, որովհետեւ իմացել էր, որ գրքի սկզբում պատմւում է իր ցեղակից Արտաշիրի մասին: Եւ այնտեղ գտնելով Հայաստանի ազնուականների ու իշխանների տասնեօթ բարձերի գիրը` սկսեց ըստ այնմ կարգաւորել իւրաքանչիւրի նախանշուած պատուաւոր տեղը արքունական դահլիճում, ուրախութեան սեղանի մօտ: Տասնչորսերորդ բարձը հասաւ Սիւնեաց տէր Անդոկին: Եւ սա գոռոզութեամբ յոխորտաց ու ոչինչ չճաշակեց արքունական այդ ուրախարար հիւրասիրութեան ժամանակ: Արքունի սպասաւորները թագաւորին իրազեկ դարձրին Սիւնեաց տէր Անդոկի վիրաւորուածութեան ու երեսից զգացուող արիւնռուշտ ոխակալութեան մասին, բայց պարսից Շապուհ արքան դրան կարեւորութիւն չտուեց: Այն ժամանակ շուտով արքունիքում իմացուեց, որ խազիրները, բազմամարդ զօրքերով ելնելով   Ճորայ դռնով, հասան մեր երկիրը: Եւ պարսից Շապուհ արքան անթիւ զօրքեր հաւաքեց Ասորիքից, Խորասանից, Խորեզմից, աւելի շատ` Պարսկաստանի Ատրպատական նահանգի քաջերից, Հայաստանից, Վիրքից, Աղուանքից, Կովկաս լեռան ցրտաշունչ բարձունքների տասներկու խուժադուժ ցեղերից եւ անհամար բազմութեամբ ելաւ-գնաց պատերազմով բախուելու նրանց հետ: Իսկ Անդոկը հազար եօթ հարիւր ընտիր մարդկանցով, առոյգ, ուժեղ ու արագաքայլ ձիերով խոյս տուեց եւայնուհետեւ դարանակալ դաւաճանութեամբ զօրքը թաքցրեց այս ու այնտեղ արքայանիստ Տիզբոն մեծ քաղաքի շուրջ, որ գտնւում է Պարսից աշխարհի Իստահր գաւառում: Ապա մի փոքր պահապան խմբով` ընտիր, քաջակորով հեծեալներով, արքայաբնակ քաղաքի դարպասներով ներս մտաւ եւ անտեղեակ ու անմեղ ձեւանալով ասաց. «Ես եկել եմ Շապուհ արքայի մօտ»: Քաղաքի բնակիչները պարսից օրէնքի համաձայն նրա համար իջեւանատեղ պատրաստեցին եւ զանազանըմպելիքներով ու բազմախորտիկ համեղ ուտելիքներով հիւրասիրելով` մեծ շքեղութեամբ պատուեցին: Իսկ երբ գիշեր եղաւ, Անդոկն իր զօրքին դաւաճանութեամբ իմաց տուեց: Եւ երբ լուսացաւ, ու քաղաքի դարպասները բացուեցին, Անդոկի զօրքը անակնկալ կերպով դարպասներով ներս խուժեց, վերցրեց ոսկու եւ արծաթի անհամար գանձեր, արժէքաւոր ու մեծագին ակնեղէն` գոհարներ ու մարգարիտներ, ոսկեթել հագուստներ, արքայական ծիրանի, մարգարտազարդ պատմուճաններ արքունիքից ու պարսից իշխանների բոլոր տներից: Վերցրին` ինչ որ կարող էին տանել: Եւ բերելով անհաշիւ աւարը` ամբողջը հաւաքեցին Բաղաբերդում: Եւ բոլոր գաւառների հացի, խոտի, յարդի պաշարները, ամբողջ գինին, իւղը, մսացուները, մեղրը, տեսակ-տեսակ մրգերը` անհամար կենսապաշար, ինչպէս նաեւ հեծելազօրի սարքերն ու զէնքերը կենտրոնացրին Բաղաբերդում:

Ապա Սիւնեաց տէր Անդոկը բոլոր սիւնեցիներին հրաման տուեց փախչել, տներն ու համբարանոցները պաշարներով հանդերձ այրել: Եւ Սիւնիքի բոլոր գաւառների բնակչութիւնը ժողովեց եկեղեցիների պատուիրանագրքերը, կտակարանները, ոսկէ ու արծաթէ անթիւ սուրբ խաչերը, սրբերի, պատուական ու սուրբ նահատակների նշխարները: Բոլորը կենտրոնացրին Շաղատի քարկոփ գմբէթաւոր եկեղեցում: Ոմանք, եկեղեցու պատերի մէջ երկաթով խորշեր պատրաստելով, այնտեղ էին դնում սուրբ առարկաները: Ոմանք եկեղեցու բեմի տակ քարէ գաղտնարաններ էին պատրաստում ու լցնում, ոմանք էլ` եկեղեցու մէջ, եւ արկղերով վայր իջեցնելով եկեղեցու տակ` լալով ուարտասուելով առանձին-առանձին համբուրում էին խաչերը, սուրբ նահատակների նշխարները, սուրբ աւետարանիչների, մարգարէների ու առաքեալների կտակարանները, յանձնում սուրբ Ստեփանոսի սուրբ եկեղեցուն: Նոյն եկեղեցում բոլոր սիւնեցիները ութօր աղօթքներով գիշերային արարողութիւն կատարեցին: Ապա բազմութիւնը հողաբլուր ստեղծեց Շաղատի եկեղեցու վրայ, հողակոշտերի տակ թաղեց այն, որը եւ գտնւում է Ծղուկ գաւառում: Իրենք փախան, ցրուեցին ամբողջ երկրով մէկ: Եւ ոչ ոք չէր համարձակւում տալ սիւնեցիների անունը: Սիւնեաց բաղձալի աշխարհն էլ քսանհինգ տարի անբնակ ու աւերակ մնաց: Եւ խազիրների դէմ մղած պատերազմն աւարտելուց յետոյ պարսից Շապուհ արքան վերադարձաւ, մեծ ցասումով հրամայեցիր բոլոր զօրքերին գնալ Սիւնեաց աշխարհը, գերել մարդ ու անասուն` [իրենց] ծառայեցնելու համար: Հասնելով աշխարհը` նրանք բոլորովին բան չգտան, բացի որբացած տեղերից` սուրբ եկեղեցիներից, որոնք քանդեցին, աւերեցին ու այրեցին Սիւնեաց ամբողջ աշխարհում: Եւ պարսկական անաստուած զօրքերը հասան Ծղուկ գաւառը, Շաղատ գիւղաքաղաքը. մօտենալով այն բլրին, որի տակ թաղուած էր եկեղեցին, հասկացան, որ բլրի տակ, ներսում ինչ-որ բան կայ: Պարսկականհետեւակ զինուորներից ոմանք բարձրացանեկեղեցաբլուրը: Եւ յանկարծ որոտագին թնդիւն [լսուեց], ու երկրաշարժ եղաւ: Վեր բարձրացած պարսիկները եկեղեցաբլրից դէն շպրտուելով կոտորուեցին: Եւ ինքը` Աթաշխոդա [զօրապետը] պարսկական իր այդ զօրքերի հետ, դիպուածից սաստիկ ահաբեկուած, փախուստի դիմեց: Որմիզդի որդի Շապուհըդարձեալ Պարսկաստանի, Արեաց աշխարհի, այսինքն` Խորասանի զօրքի ամբողջ բազմութեան զօրահաւաք կատարեց, գնաց պատերազմելու Բաղաբերդի դէմ, բայց տեղի ամրութեան պատճառով ոչինչ չկարողացաւ անել, որովհետեւ բերդից զառիվայր քարեր գլորելով`բոլորին առհասարակ ոչնչացնում էին: Ապա Շապուհ արքան հրամայեց, որ դրանից աւելի շատ, կրկնապատիկ զօրքեր գան Պարսկաստանից: Եւ վերջապահ թողնելով` կարգադրեց սաստկացնել պատերազմը ամրոցի դէմ:

Եւ ինչպէս առաջին, նոյնպէս եւ այս երկրորդ անգամ, պարսաքարերով ու վէմերի գլորումով պարսկական զօրքի անհամար բազմութեանը ամբողջովին դիաթաւալ արեցին: Շապուհը նորից ուրիշ զօրք գումարեց` դրանից եռապատիկ աւելի, ու հրամայեց սաստկացնել պատերազմը: Կարգադրեց վերջապահներ թողնել եւ ասաց. «Եթէ մէկը ետ դառնայ, սպանեցէ'քե: Սրանք էլ նոյն ձեւով, ինչպէս առաջին, երկրորդ, այնպէս եւ այս երրորդ անգամ, վէմերով ու պարսաքարերով ջախջախուելով առհասարակ ոչնչացան: Եւ պարսից Շապուհ արքան կատարուած դէպքերից դարձեալ զայրագին ցասումով լցուեց ու կամեցաւ ուրիշ անհամար զօրք գումարել` եւս սաստիկ պատերազմ տալու Բաղաբերդի դէմ: Այդ ժամանակ մեծամեծ իշխաններն ու նախարարները, պարսից Շապուհ արքայի առաջ ծնկի իջնելով, աղաչեցին` էլ   չպատերազմել Բաղաբերդ անառիկ ամրոցի դէմ եւ արեաց զօրքերը կոտորել չտալ: Բայց ասացին` ամրոցի շրջակայքը պէտք է աւերակ դարձնել, այդպէս էլ` Սիւնիքի գաւառների բոլոր իշխանութիւնները: Սիւնիքից հրաման ելաւ`մարդ թէ անասուն Արեաց աշխարհի զօրքերի ծառայութեան տակ լինեն: Իսկ Սիւնեաց տէր Անդոկը յարմար օր գտնելով, դուրս եկաւ Բաղաբերդ ամրոցից մեծ աւարով, անցաւ Բիւզանդիա մեծ ինքնակալ Թէոդոսի` յունաց արքայի մօտ: Նրանից մեծագոյն պատուի արժանացաւ` պատրկաց պատրիկ դարձուեց: Այնտեղ, Հոռոմոց երկրում էլ վախճանուեց: