Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

 

 

ՀԱ
ՄԵՐ ՆՈՒԱՍՏՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՋՈՒՄ ՍԻՒՆԵԱՑ ԵՊԻՍԿՈՊՈՍՈՒԹԵԱՆ ՍՏԱՆՁՆՄԱՆ ՈՒ ՊԱՇՏՕՆԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ, ԱՅԼԵՒ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ԱՆՑՔԵՐԻՆ [ՎԵՐԱԲԵՐՈՂ] ԶՐՈՅՑՆԵՐ

 

Ես` Ստեփանոսս, աննշան մարմնով ու եղկելի շնչով, զատուելով մօրս արգանդից, ընծայուել եմ Տիրոջ տանը, որդիացել մեծ եւ արքայաշունչ իշխան Սմբատին: Սերուել եմ Սիսական մօրից եւ Օրբելեան հօրից. վերջինս, որ Տարսայիճ էր կոչւում եւ տիրում էր Բաղքից մինչեւ Այրարատ: Իսկ սուրբ աւազանի հոգեւոր ծնունդով որդիացել եմ Սիւնեաց եպիսկոպոս տէր-Հայրապետին: Դաստիարակուել ու սովորել եմ աստուածային կրօնաւոր մարդկանց մօտ: Վարժուելով ընթերցանութեան ու երաժշտութեան կանոններով` դարձայ սաղմոսերգու եւ գրակարդաց Տիրոջ գաւիթներում, հրաւիրուեցի եկեղեցու դպիրութեան եւ սարկաւագութեան: Քահանայացայ եւ երիտասարդ հասակում անպատշաճ հոգով ու երկչոտ մարմնով կրօնական սպասաւոր կարգուեցի աստուածընկալ եւ ահազդու բեմին: Ուսանեցի աստուածեղէն դպրութեան կրթարանում, մի փոքր զգացի [գիտութեան] քաղցր նիւթի ճաշակը եւ Աստծով համակուած` աշխարհալոյս ռաբունապետ Ներսէսից իրաւունք ստացայ ու տհաս խակութեամբ նստեցի վարդապետական աթոռին: Ես ինքնին խաւար լինելով` կամեցայ ուրիշների համար լոյս լինել: Ես, անմաքուր հոգի ու ապականուած կերպարանք ունենալով, կամեցայ քարոզել ուրիշներին որպէս քահանայապետ: Ես առանց հոգու հրաւերի իմ յանդգնութեամբ կամեցա առաջ գնալ: Ես նախապատրաստեցի ականջներս` հետեւելու դէպի խաւարը հրաւիրող «Զգեստ չունէիր» ու «Եւ չար ու վատ ծառայ» խօսքերին, նաեւ լսելու հէնց սարսափելին` գեհենում այրուելու կոչող եւ դէպի դժոխք հրաւիրող «Գնա'» հրամանը: Այս ամենի վրայ ուրիշ յանդգնութիւն էլ աւելացրի, այն, որ համարձակուեցի յաւակնել հայրապետական աստիճանին: Եւ մեր եպիսկոպոսները, հաւաքուելով իմ հօր մօտ, ինձ առաջարկեցին գնալ Կիլիկիա թագաւորական աշխարհը, հայոց երջանիկ կաթողիկոսի ու աստուածապսակ թագաւորի մօտ` Սիւնեաց աթոռի համար մետրոպոլիտութեան ձեռնադրում ստանալու: Մեր յիմարութեամբ համաձանեցինք`չգիտակցելով ահարկու եւ անտանելի այս լծի ծանրութիւնը: Միայն ախտաւոր մտքով առօրեայ փառքին ախորժեցի: Դրա համար երանի եմ տալիս չեղածներին եւ բիւր երանի` արգանդից վիժածներին:

Այնուհետեւ գնացինք հասանք Սիս մայրաքաղաքը, բայց կաթողիկոսին վախճանուած գտանք: Դա մեզ համար մեծ սուգ եղաւ: Այնտեղից գնացինք միւս քաղաքը` Ադանա: Ներկայացանք թագաւորին, որի կողմից մեծ պատուի արժանացանք`առաւել, քան մեր արժանիքն էր: Երեք ամիս մնացի թագաւորի մօտ, մինչեւ որ աշխարհագումար ժողովով քառասուն օր ընտրութիւն կատարեցին եւ Կոստանդին անունով մի արժանաւոր մարդու օծեցին հայոց պատրիարք, Զատկի մեծ ճրագալոյցին: Հետեւեալ օրն էլ հէնց մեզ ձեռնադրեցին ու պսակեցին Սիւնեաց սուրբ եւ առաքելական եկեղեցու հետ. պատուեցին մեծամեծ պարգեւներով եւ կրկնակի թագով հաստատեցին մետրոպոլիտութեան աստիճանում` կոչելով հայոց պատրիարքի պռոտոֆրոնտէս, այսինքն` հայոց բոլոր եպիսկոպոսների գլուխ եւ առաջին աթոռակալ: Եւ այսպէս մեծաշուք պատուով վերադարձանք այնտեղից ու հասանք մեր աշխարհը: Տաթեւի եպիսկոպոսներից շատ վշտեր կրեցինք, մինչեւ որ նրանք իրենց մահով [այս աշխարհից] փոխադրուեցին: Եւ մենք մնացինք դառն կեանքով` տնօրինելով աթոռիս բաժանուած թեմերը: Որոշեցինք մէկ միաբանուած տուն լինել` միաւորելով Տաթեւն ու Նորավանքը:

Բայց նախորդ կաթողիկոսների`տէր-Կոստանդինի ու տէր-Յակոբի, եւ նախորդ եպիսկոպոսների` տէր-Յովհաննէսի ու տէր-Ստեփանոսի, տէր-Սարգսի ու միւս տէր-Ստեփանոսի, տէր-Գրիգորի ուտէր-Սարգսի հրացայտ անէծքների պատճառով վերջիններիս կողմից Նորավանքում ամբողջ Վայոցձորի եկեղեցական հաստատուած ժառանգութիւնը չխախտեցինք, այլ ինչպէս որ մինչեւ մեզ տնօրինում էին, այնպէս էլ թողեցինք: [Որոշեցինք], որ միւս բունաթոռն էլ պիտի տնօրինուի, բայց այս երկուսի համարէլ մէկ եպիսկոպոսութիւն պիտի լինի` մէկ առաջնորդով ու իշխողով. եւ ով որ եպիսկոպոս լինի, չհամարձակուի երկու հայացքով ու երկու մտքով նայել սրանց` մէկի նկատմամբ առաւել հոգ տանելով: Այս տան մէջ ոխ ու նախանձ չպիտի լինեն. սրանց կրօնաւորները միմեանց չպիտի ասեն` «Դու տաթեւացի ես կամ նորավանքցի», այլ պիտի լինեն ինչպէս մէկ անձ ու մէկ սիրտ, քանի որ սկզբից էլ մինչեւ մեր ժամանակներն այդպէս էին: Եւ եթէ ժամանակները փոխուեն, եւ Տաթեւն աւերուի, նրաեկեղեցական ժառանգութիւնը Նորավանքի եկեղեցինպիտի ժառանգի, նրա վանականներն էլ այստեղ պիտի հաւաքուեն: Իսկ եթէ Նորավանքին աւեր հասնի, նրաժառանգութիւնը եւ հարստութիւնը Տաթեւի եկեղեցինպիտի վայելի: Եւ մեզանից յետոյ եթէ մէկը այս որոշումը խախտի կամ մտադրուի միւս կողմին խաբել ու դաւաճանել, ցաւագին անէծքների արժանանայ մեզանից ու բոլոր հայրապետներից, նզովք ընդունի Սուրբ Երրորդութիւնից ու միացած լինի բոլոր չարագործներին: Ապա եթէ ինչ-որ հակառակութիւն ու խառնաշփոթութիւն յարուցուեն, ինչպէս որ մերժամանակ եղաւ, մեղսագործները անէծքների պարտական լինեն, եւ ժամանակի իշխողները [նրանց] արժանի [դատաստանը] տեսնեն:

Այնուհետեւ` երբ մենք Կիլիկիայից վերադարձանք, որոշ օրեր անց գնացինք աշխարհակալ արքայ Արղունի մօտ եւ ներկայացանք նրան: Նա մեզ ընդունեց, չափազանց յարգեց ու սիրեց: Մենք նրան պատմեցինք մեր ցաւերի մասին ու ցոյց տուեցինք շրջաբերական գրութիւնը, որը նա թարգմանել տուեց ու կարդալ տուեց իր ներկայութեամբ: Ցոյց տուեցինք եւ հայրենի աշխարհիկ [ու հոգեւոր] տիրոյթներին վերաբերող իմ հօր տուած հրամանը, որով մեզ համար [այդ թւում] ժառանգական բաժին էին հանուած նրա տիրապետութեան մէջ գտնուող վանքերը` Տաթեւը, Նորավանքը, Ցաղաց քարը, Արատէսը եւ միւս բոլորը: Արղունն այդ տեսնելով` հրամայեց հրովարտակ գրել. այդպիսով ամբողջը վերստին մեզ վրայ հաստատե ցկրկնակի իրաւունքով` հոգեւոր ու աշխարհիկ: Միաժամանակ մեզ առաջարկեց մնալ եւ օրհնել արքունիքի եկեղեցին, որ ուղարկել էր Հռոմի մեծ պապը: Այնտեղ էր եւ նեստորական կաթողիկոսը`տասներկու եպիսկոպոսներով, որոնց հետ եւ օրհնեցինք մեծ հանդիսաւորութեամբ: Եւ ինքը` Արղունը, իր ձեռքով մեզ հագցրեց հայրապետական զգեստը, որի ձեւն անձամբ էր որոշել կաթողիկոսի, մեզ եւ բոլոր եպիսկոպոսների համար: Ապա ժամհարը ձեռքին բռնած` նա շրջում էր բանակի ճամբարում, հնչեցնում էր ու օրհնում բոլորին:

Կարճ ժամանակից յետոյ նոյն պապի կողմից եկաւ մի եպիսկոպոս, մկրտեց արքայի որդուն եւանուանեց Թեոդոսիոս: Իրենք` թաթարները, նրան կոչումէին Խարբանդա: Կնքահայր դարձաւ մի ֆրանկ իշխան` Սիրչազ անունով:

Իսկ Արղունի մահից յետոյ թագաւորեց Քեղաթունը, որին անուանում էին Երնջի թուրնջի, այսինքն` «կոտրածը գտանք»: Գնացինք նրա մօտ, նրանից եւս պատուի արժանացանք, ինչպէս իր եղբօրից, ստացանք [մեր իրաւունքները] վերստին հաստատող հրովարտակ: Ապա, երբ սրանից յետոյ թագաւորեց Ղազանը, նոյնպէս գնացինք նրա մօտ եւ արժանացանք աւելի բարձր պատուի, քան արժանացել էինք իր նախորդներից. նա կրկնակի հաստատումով մեզ տուեց նոյն հրովարտակը եւհրամայեց երկրում շրջելու ժամանակ մեր առջեւում բարձր պահել խաչը ու [այդպէս] ման ածել: Մեզ պարգեւեց նաեւ ոսկի փայիզա, որը մի տախտակ էր` վրանգրուած Աստծոյ եւ թագաւորի անունները ու էլի ինչ-որսակաւ բառեր: Եւ մենք, զգալով նրա անսպասելի ողորմածութիւնը, փառք ու գոհունակութիւնվերընծայեցինք Արարչին. եւ այդպէս տուն վերադառնալով` ապրում էինք ապահովութեամբ: Այնուհետեւ ձեռնամուխ եղանք Տաթեւի եկեղեցու շինարարութեանը, որը սուրբ Գրիգոր Լուսաւորչի անունով էր: Այն փլուել էր ու մինչեւ յատակը քանդուել: Եկեղեցու այս շինարարութիւնը երրորդ անգամն էր: Առաջին անգամ կառուցուեց Փիլիպէ իշխանիկողմից Սիւնեաց տէր-Դաւիթ եպիսկոպոսի օրօք: Երկրորդ անգամ կառուցուեց տէր-Յովհաննէսի կողմից` Սմբատ թագաւորի հրամանով: Երրորդ անգամն էլ սա է, որմենք սկսեցինք ու Աստծոյ շնորհիւ հաստահեղոյս քարերով եւ գեղեցիկ տեսքով կերտեցինք շէնքը: Եւ երբմենք քանդում էինք հիւսիսային սեան հիմքի մնացածմի փոքր մասը, գտանք աստուածային անպատմելի գանձը`սուրբ Գրիգոր Լուսաւորչի նշխարը` գանգի մի կողմը եւ աջ թեւի բազուկը` դրուած մի փայտէ փոքրիկ սնդուկի մէջ, փակուած եւ կապարէ կնիքով կնքուած: Դրա համար մեծապէս ուրախացանք եւ մեծ գոհունակութեամբ փառաբանեցինք Աստծուն: Շինարարութիւնն աւարտելուց յետոյ այն դրեցինք նոյն խորանի մէջ, մարդկանցից աննկատ մի յարմար տեղ:

Եւ ժառանգական բաժնի համար մեր եղբայր Ելիկումից վերցրինք Արիտ գիւղը, որը վաղ ժամանակներում խլուած էր սուրբ եկեղեցուց, ու նրա յօժարութեամբ վերադարձնելով` նուիրեցինք մեր կառուցած սուրբ Գրիգոր եկեղեցուն եւ մեր յիշատակիու Արիտ գիւղի ապահովութեան համար անջնջելի արձանագրութիւն գրեցինք` նշելով, որ մեր մահից յետոյ ոչ ոք` լինի մեզանից թէ օտարներից, աւագներից թէ եպիսկոպոսներից, չհամարձակուի գիւղը այս սուրբ եկեղեցուց յափշտակել եւ խափանել մեր յիշատակը կամ փոխանակել, վաճառել, գրաւ դնել, կա'մ որեւէ այլ ձեւով դաւաճանել: Եւ եթէ մէկը յանդգնի, սատանայի հետ կործանուելով անդունդը գլորուի, Կայէնի, Յուդայի եւ Արիոսի հետ դատապարտուի, Սոդոմի ուԳոմորի հետ տնով ու զաւակներով անշէջ կրակի ճարակ դառնայ, Նեռի հետ աններելի դատաստանի արժանանայ: Եւ եթէ մահմեդական իշխանութիւն փոխարինի ու ջանայ յափշտակել, ամենակալ Աստծուց նզովուած լինի, իր փեղամբար Մահմեդից ու իր կրօնից անիծուած լինի, կռապաշտների ու կրակապաշտների հետ կորչի` դժոխքն ընկնելով, իր օրինականն անօրինական դառնայ: Սա կատարուեց եօթ հարիւր քառասունվեց թուականին:

Դարձեալ` նախքան այս Արցախ գաւառից բերել էին աստուածընկալ խաչի հրաշագործ նշանը, որի մեծամեծ հրաշքների ու զարմանալի սքանչելագործութիւնների համբաւը տարածուած էր ամբողջ աշխարհում: Նա կենսակիր այն փայտից էր, որն իր վրայ կրում էր աստուածային կողերից հոսած արեան ներկուածքի հետքը եւ ամրացուած էր ոսկու մէջ`փոքրիկ տուփով: Այն տոհմով սերնդէսերունդ պահում էին Դլէն իշխանի թոռները. դա այն տոհմն էր, որ Տաթեւում ունի եկեղեցի եւ բազմամարդ միաբանութիւն: Իսկ աստուածընկալ խաչի` Խաչէն փոխադրուելու պատճառի մասին այսպէս ենք լսել ստոյգ իմացող մարդկանցից: Անծանօթ աշխարհից մի ճգնաւոր, որ աղօթքի առիթով շրջագայում էր, մի ձմռան ընկաւ Դլէնիգիւղը: Նա իր պարկի մէջ ունէր աստուածային այդանկշռելի գանձը: Իջեւանելով գիւղի քահանայի տանը`պարկը տալիս է տանտիրուհուն ու ասում. «Սա մաքուր տեղ դիր մինչեւ գնալս»: Դա Յայտնութեան ճրագալոյցի օրն էր: Քահանայի փոքր տղան գիշերը մեռել էր, բայց տօնի պատճառով դուրս չէին հանել: Տանտիրուհին ճգնաւորի պարկը տանում-դնում է վախճանուածի սնարի մօտ: Երեկոյեան պաշտամունքային արարողութեան վերջանալուց յետոյ, երբ մի փոքր ննջել էին, կենսատու փայտը վերակենդանացրեց մանկանը, որն սկսեց ձայն տալ մօրը: Մայրը քնից արթնանալով` զարհուրեց. արթնացրեց քահանային: Նրանք գնացին ներքնատունը, տեսան, որ մանուկը վերակենդանացել ու նստած` պարկի հետ խաղ էանում: Երկար ժամանակ զարհուրած ու ապշած էին. չգիտէին, թէ ինչ բան է դա:

Ապա ճգնաւորն իմանում է եղելութիւնը, եւ երբ դեռ հիւրընկալողները այսպիսի ընդարմացած վիճակում էին, ծածուկ կերպով վերցնում է պարկն ուփախչում-գնում է: Քահանան ու կինն սթափուելով հասկանում են, թէ ինչ է կատարուել: Գնում են գիւղապետի մօտ ու ճիչ բարձրացնելով` պատմում տեղի ունեցած հրաշքի մասին: Աղաղակն ընկնում է գիւղը, եւ բոլորը գալիս են մանկանը տեսնելու: Դլէնը վեր է կենում, ծառաներով ու շինականներով ընկնում ճգնաւորի ետեւից` ընթանալով դէպի Աղունոյ գետի կողմը: Ճգնաւորն իմանալով, որ իրեն հետապնդում են, տուփից հանում է փայտի շատ փոքրիկ մասը, դնում իր կրած կնգուղի ծալուածքը, իսկ տուփը գցում է մացառախիտ անտառի մի սալորի թփի մէջ եւ հեռանում է: Հետապնդող մարդիկ գալիս, հասնում են այնտեղ, համատարած ձեան ու սառոյցի մէջ տեսնում տուփը յանկարծակի փթթած գեղեցիկ ծաղիկներով եւ պատած կանաչած սաղարթներով` աննման հոտ բուրելով: Մեծապէս հիանում են` կարծելով այնտեղ է պահուած խաչը:

Երբ տեղը զննեցին, թփի մէջ գտան տուփը` դատարկ, շարունակեցին հետապնդել ճգնաւորին, որին հասան Աղունոյ գետի եզրին: Ճգնաւորը ետ դարձաւ եւտեսաւ նրանց. մտքում զայրացաւ, կնգուղից հանեց փայտը եւ գցեց գետը: Այն մարդիկ ճգնաւորին բռնելով` սաստկապէս տանջեցին. պահաջում էին փայտն իրենց տալ: Բացելով պարկը` ոչինչ չգտան այնտեղ: Վրայի կոպիտ քուրձն էլ հանեցին, բայց փնտրածը չէր երեւում: Ապա նայեցին գետին, տեսան հսկայական ջուրը երկու մասի ճեղքուած, մասունքն էլ` ցամաքած տեղում, որից բորբոքուած բոց էր ցոլանում դէպի վերեւ զարմանալի բոյր էր թանձր ծխի նման տարածւում շրջակայքում: Այն մարդիկ համակուեցին ահով ուխնդութեամբ. դողում ու թռչկոտելով ցնծում էին` անգին ու անհամեմատելի մարգարտի գիւտից: Մտնելով ջուրը` վերցրին փրկական փայտը եւ դնելով տուփի մէջ` բերեցին: Իսկ ճգնաւորը գնում էր նրանց ետեւից`ողբալով ու կուրծքը ծեծելով, մինչեւ որ յուսահատուեց, դառնօրէն անիծեց Դլէնի տունն ուանցաւ գնաց:

Եւ այն օրուանից ի վեր մասունքը դարձաւ այդ տոհմի սեփականութիւնը` նուէրներով մեծարուելով իշխանների ու ժողովրդի կողմից: Յետոյ աստուածասէր եւ բարեպաշտ իշխանաց իշխան Ջալալը շինում է Գիշերաձոր անունով մի եկեղեցի եւ արծաթէ պահարան պատրաստելով` [յիշեալ մասունքը] հաստատում է այնտեղ:

Ահա այսպիսի աստուածահրաշ նշանը վերին թելադրանքով մեր տիրապետութեան մէջ բերեցին իրենց գաւառի աւերումից եւ իրենց դառն ու վերջին աղքատութիւնից նեղուած նրա տէրերը, որոնք եկան եւ բնակութիւն հաստատեցին մեր կողմերում: Քանի որ նրանք սաստիկ կարիքների մէջ էին, այլազգիներին պարտք լինելով` ենթակայ էին գերեվարման, խիստ տագնապած էին: Դառն, սարսափելի աղքատութիւնից այն մեզ վաճառեցին աւագ Դլէնի թոռները` Հասան անունով մեծ թոռը` իր երկու եղբայրներով: Մեզանից ստացան գինը լրիւ, առանց մնացորդի` հինգ հարիւր դահեկան, որը կազմում է հինգ հազար դրամ: Ստացաննաեւ ուրիշ շատ պարգեւներ, ձիեր, եզներ եւհագուստներ: Մենք այն վերցնելով` պահարանըվերադարձրինք տէրերին` հազար դրամի հաշուով, այնէլ` ոչ թէ իբրեւ գին, այլ` պարգեւ: [Միմեանց] տուեցինքառ ու վաճառքի անխախտ պայմանագիր եւ յաւիտենականմուրհակ` բազմաթիւ վկաներով: Մենք նորովի պահարանիկ պատրաստել տուեցինք ոսկուց ու արծաթից: Շինել տուեցինք նաեւ խաչը սոփերական ընտիր ոսկուց, որն ունէր խնձորաձեւ ոսկի պատուանդան, չորսկենդանակերպ թեւեր` վզիկներով: Վրան ամրացրինք ակներ` չափազանց թանկագիններից` հինգ ծիրանաձեւշափիւղա, այդ ակների մէջտեղում` չորս մարգարիտ` թանկարժէքներից ու առաւել ընտիրներից: Եւ մէջտեղիթանկագին քարի տակ դրեցինք փրկական փայտը, որը փոսիկների շուրջ ունէր մանրատառ գիր: Թիկունքիկողմից այսպիսի մակագրութիւն արեցինք. «Աստուածընկալ այս սուրբ նշանը` պատրաստուած Սիւնեաց եպիսկոպոս տէր-Ստեփանոսի կողմից, յաւիտենապէս հաստատուած պիտի մնայ Նորավանքի այս սուրբ եկեղեցում»: Նոյնպէս եւ պատրաստել տուեցիաւելի մեծ պահարանը ոսկուց եւ արծաթից` աղիւսաձեւ, գեղեցիկ կերտուածքով, երկփեղկ դռներով: Այն դարձրինք Նորավանքի սուրբ եկեղեցու սեփականութիւնը: Նրա մէջ մեր յիշատակի համարգրեցինք այսպիսի արձանագրութիւն.

«Մեր Հայոց աշխարհի կործանման տարիներին, մի դառն ու դաժան ժամանակ, երբ եօթհարիւր քառասուներեք թուականն էր, այսինքն`տասնհինգերորդ յոբելեանին, Քեղաթու ղանի տիրապետութեան, հայոց տէր-Գրիգոր կաթողիկոսի աթոռակալութեան, Վրաստանի Դաւիթ թագաւորի գահակալութեան, այս նահանգում ամենաօրհնեալ տոհմից Ելիկումի ու իր եղբայրների իշխման օրօք, ես`բազում մեղքերի պարտական տէր-Ստեփանոսս, Սիւնեաց եպիսկոպոսս, Տարսայիճ մեծափառ իշխանի որդիս, Նորավանքի եւ Տաթեւի վսեմ ու աշխարհահռչակ տների առաջնորդս, վերին տնօրինութեամբ հանդիպելովան պատմելի այս պարգեւին` աստուածընկալ սուրբ նշանին, վրան տեսայ Յիսուսի արեան ներկուածքի հետքը: Դա բերել էին Արցախ գաւառից: Մէջս եռաց [այն ձեռք բերելու] սաստիկ ցանկութիւնը, եւ գնեցի բուն սեփականատէրերից` Դլէնի թոռներից, հինգ հարիւր դահեկանով, միանուագ, չհաշուած յաւելեալ պարգեւները: Նրանք, իրենց դառն ու ծանր կարիքներից եւ պարտքերից ստիպուած, մեծայօժար կամքով վաճառեցին մեզ: Եւ մենք վերցնելով` մաքուր ոսկով, արծաթով ու թանկագին ակներով պատրաստեցինք նախ խաչը եւ ապա` պահարանը, որպէս յոյս եւբարեխօսութիւն Քրիստոսի հանդէպ` մեր եղկելի հոգու համար. անաչառ դատաստանի ժամանակ թերեւս ողորմութիւն գտնեմ: Եւ սա ընծայեցի Նորավանքի սուրբ ու մեծափառ ուխտին, մեր հայրենական դամբարանին: Եթէ մէկը ջանայ խարդախութիւն անել կամ այստեղից յափշտակել, Կայէնի, Յուդայի եւ Արիոսի հետ թող դատուի, երկնաւորներից, երկրաւորներից եւ բոլոր սրբերից նզովուած լինի` մեռած թէ կենդանի ժամանակ, մեր մեղքերին պարտական լինի: - Արդ` յիշեցէ'ք ինձ եւ իմ եղբայրներին` քաջ ու հզօր իշխաններ Ելիկումին, Լիպարիտին ու միւսներին, եւ իմ բարի քոյր Մամքանին: Դուք էլ յիշուած կլինէք մեր Քրիստոս Աստծուց. ամէ'ն»:

Այս ժամանակներում Ամիրա անունով մի մեծատոհմիկ մարդ ամբողջ գերդաստանով բնակւում էր Արփա գիւղում: Նա Ջուրջիի որդին էր, կապանեցի Մահեւանեան կոչուած իշխանական տոհմի իշխաններից մէկի թոռը: Այս Ամիրան Արփայում գտնուող Աղթա այգին գնում է Տարսայիճ մեծ իշխանից, որն [իր հերթին] գնուած էր բուն սեփականատէրերից. վճարում է գինը` չորս հազար դրամ: Համերաշխելով Նորավանքի սուրբ եկեղեցու հետ` այն յանձնեց մեզ եւ գրել տուեց յաւիտենական արձանագրութիւն, որ ոչ ոք չյանդգնի այն խլել սուրբ ուխտից. սահմանեց խստագոյն նզովքներ: Ուստի եւ մենք էլ Ամիրայի համար սահմանեցինք ամէն տարի հինգ պատարագ կատարել անխափան կերպով: Վաղ ժամանակներից վանքիս էրյանձնուած նաեւ Դայեկի քարոյ այգին` որպէս հոգեբաժին Ախթամարեանների եւ ուրիշների. արձանագրութեամբ ու նզովքներով հաստատուած էր, որոչ ոք չհակառակուի:

Մենք էլ գնեցինք մէջտեղի մեծ մասը բուն սեփականատէրերից երկու հազար հինգ հարիւր դրամով եւ ամբողջացրինք այգին` Ծաղկուտ քարից վեր, մինչեւ այգու վերջին սահմանը, որ մեծ սարն է: Նուիրեցին հոգեբաժին նաեւ մի այգի Կամրջախելում եւ ուրիշ շատ կալուածքներ` հողեր, տներ: Շինել էին կամուրջի մօտնաեւ երկու աչքից ջրաղաց: Եւ այս ամէնը Նորավանքիսուրբ եկեղեցու օրինական, անխախտ սեփականութիւննու ժառանգութիւնն էր, ոչ թէ զրկումով եւ յափշտակումներով [ձեռք բերուած], այլ մի մասըհոգեբաժին [տրուած նուէր] էր, մի մասը`եպիսկոպոսների ու իշխանների գնածը: Ոչ ոք`աւագներից կամ շարքային մարդկանցից, այս Արփագիւղի վրայ իշխողներից կամ տեղիս ազատներից ու տանուտէրերից իրաւունք չունի հակառակ կանգնել եւկամ ձգտել յափշտակել, կամ թէ չէ այս տիրոյթների նկատմամբ ուրիշ դաւ ու զրկանք մտածել`ագահութիւնից, նախանձից կամ ուրիշ պատճառով: Իսկեթէ մէկը յանդգնի լրբօրէն [այդպիսի] մի բան ձեռնարկել, Հայր Աստուած թող նրա հօրը նզովի, ՈրդիԱստուածն էլ նրա որդիներին թող նզովի, միասնական Սուրբ Երրորդութիւնը նրա մարմինը թող նզովի, մարգարէների, առաքեալների եւ հայրապետների բոլորանէծքները նրա գլխին ու տան վրայ թող գան. նրայիշատակը թող ջնջուի երկրի երեսից, եւ ինքը անքուն որդերի կերակուր ու անշէջ կրակի ճարակ լինի: Իսկ հնազանդուողները, օգնողները եւ աւանդապահները թող օրհնուած լինեն Աստծուց ու բոլոր սրբերից: Եւ եթէ մահմեդական իշխանութիւն փոխարինի, ու նրա իշխանը մտադրուի խարդախել, բռնութեամբ յափշտակել, Աստծուցու իր Մահմեդից նզովուած լինի, եւ իր օրինականն անօրինական դառնայ, հարիւր հազար նալլաթ լինի իր, իր տոհմի ու զաւակների վրայ մինչեւ հազար տարի:

Դարձեալ` այստեղ եւս իմ խեղճ ու թշուառանձի հոգու համար անջնջելի յիշատակագրութիւն պիտի թողնեմ: Ուստի մեծայոյս թախանձանքներով խնդրում եմ բոլորի յոյս, ամենքի հոգիների Տէր Աստծուն, որընդունի սա որպէս որբեւայրու լուման եւ մուրացիկ շների հետ ինձ եւս չխնայի սակաւ փշրանքները: Արդ`որպէս յիշատակ ինձ` ստացայ Նորավանքի այսեկեղեցիները եւ ինձ համար Քրիստոսի մօտ միջնորդ ուբարեխօս դարձրի աստուածակիր այս սուրբ նշանը`աստուածընկալ այս աւագ խաչը, որ իմ ձեռքով պատրաստել տուեցի: Եւ սրանց ընծայեցի իմ հայրենիօրինական կալուածքը եւ փողով գնած Չուվա [Չիւա]գիւղը` իր բոլոր սահմաններով, հողով, ջրով, ամբողջայգիներով եւ բոլոր բնակիչներով: Սա գնել էի իմեղբայր Ջալալից` ազատ ամէն տեսակի հարկերից ուդատաստանից, բոլոր կողմերից առանց վէճի ուհաշուի, առանց եղբայրների կամ աւագների որեւէ պահանջի: Գինը տուել էինք քսանմէկ հազար դրամ: Տուեցի նաեւ Աբասաշէն գիւղը եւ սուրբ Սահակը, որ իմ հայրենաբաժինն էին` մեր օրինական ունեցուածքից ուկալուածքներից: Եւ արդ` ոչ ոք չհամարձակուի իշխանութիւն բանեցնել այս գիւղ[եր]ի վրայ, կա'մ հարկ, կա'մ դատ, կա'մ անասնատուրք, կա'մ նման այլ բան վրաները դնել: Միմիայն Նորավանքի սուրբմիաբանութեան առաջնորդները պիտի տնօրինեն, եւ այստան կրօնաւորներն ու սուրբ նշաններիս սպասաւորները պիտի վայելեն եւ սուրբեկեղեցիներում մեզ աղօթքներին ու պատարագներինմիշտ հաղորդ պահեն:

Դարձեալ` քանի որ Նորավանքի տեղը տօթ էր, եւ եպիսկոպոսներն ու սպասաւորները ամառ ժամանակ չէին կարողանում այնտեղ ապրել, որոշեցինք [օգտագործել] Արատէսի վանքը, որը Եղեգիքից վերեւ է: Վանքն իր բոլոր շինութիւներով եւ հոգեբաժին տրուած կալուածքներով, գիւղն իր շրջակայ բոլոր սահմաններով յանձնեցինք սուրբ Նորավանքին, որ սրա միաբանները այն սերնդէսերունդ տնօրինեն, վայելեն, բայց տեղը շէն եւ եկեղեցին լուսաւոր պահելու համար ամենայն ջանադրութեամբ պիտի հոգ տանեն, ինչպէս մեր տան նկատմամբ է տարւում: Դարձեալ` տուեցի նաեւՔարկոփը իր բոլոր սահմաններով` որպէս ժառանգութիւն Նորավանքի եւ մեր ուրիշ միաբանութիւնների առաջնորդների:

Եւ այսուհետեւ մինչեւ յաւիտեան նրանք պիտի լինեն Նորավանքի սուրբ եկեղեցու սեփականութիւնը: Այստեղի պաշտօնեաներն էլ ժառանգորդ դառնալով` այդ վանքերը շէն եւ եկեղեցիները լուսաւոր պահելը չպիտի անտեսեն, այլ ամենայն ջանադրութեամբ դրանց նկատմամբ հոգ պիտի տանեն, ինչպէս սեփական տան նկատմամբ: Եւ արդ` ոչ ոք չհամարձակուի այս որոշմանը հակառակուել կամ որեւէ պատճառով մտածել այն խափանել եւ իմ հոգեբաժին նուիրատւութիւնները խախտել Նորավանքի սուրբ եկեղեցուց, քանի որ Չուա [Չիւա] գիւղն իմ գնածն էր, Արատէսն ու Քարկոփը` իմ հարազատ հայրենաբաժինը, որտեղ ոչ մի աւագ եւ իշխող, ոչ էլ ուրիշ մէկը ոչ մի հաշիւ չունէր: Իսկ եթէ որեւէ մէկը յանդգնի, Սուրբ Երրորդութիւնից նզովուած լինի մեռած թէ կենդանի ժամանակ, եւ այն բոլոր անէծքները, որ օձից մինչեւ Նեռը կան բոլոր չարագործների վերաբերմամբ, նրա վրայ լինեն, նա Յուդայի հետ բաժին ունենայ, ուրացող Վասակի պէս որդնալից սատկի, մեր մեղքերին ու խղճին պարտական լինի եւ յաւիտենական կրակին մատնուի: Իսկ բարեացակամներն ու հնազանդները թող օրհնուեն Աստծուց ու նրա բոլոր սրբերից:

Եւ եթէ մահմեդական իշխանութիւն փոխարինի, ու իշխանը ձգտի յափշտակել, ինքն Աստծուց եւ իր փեղամբարից մերժուած լինի, տնով ու զաւակներով կործանուի եւ անդունդը [գլորուի], նրա վրայ հարիւր հազար նալլաթ գայ: Արդ` երբ այս յիշատակագրութիւնը պատրաստեցինք եւ հաստատեցինք այս հոգեբաժին նուիրատւութիւնները, այս սուրբ տան միասնական միաբանութեան կրօնաւորները համակամ սիրով այս սուրբ եկեղեցում մեզ համար սահմանեցին յիշատակ` մէկ քառասունք պատարագ Յինունքին ուԿրկնազատկից մինչեւ Հոգեգալստեան տօնը` ամէն առաւօտ` ամբիծք, եւ հանգստի Աւետարան [կարդալ] իմ շիրմի վրայ, սուրբ Հոգեգալուստի մեծ տօնախմբութեանօրը իմ յիշատակին հոգեհանգիստ անել` արջառներ ուգառներ մորթելով, առատ կերակուրների բաժիններով եւ ըմպելիքներով. յագեցնել աղքատների եւ կարօտեալների քաղցն ու ծարաւը: Այդ օրը այս բոլոր եկեղեցիներում մեզ համար պատարագ պիտի անեն` Աստուած հոգուց զոհաբերութեամբ խնդրելով մեր մեղքերին ներում ու ողորմութեան փշրանքներ, թերեւս կարողանամ փրկուել ահեղ ատեանի ահաւոր ամօթից, երբ խօսքերը վերջանում են, եւ գործերն են թագաւորում:

Բայց եթէ տեղիս առաջնորդներից, եպիսկոպոսներից կամ փակակալներից, կա'մ ուրիշ շարքային կրօնաւորներից ծուլանան կատարել մեր յիշատակի արարողութիւնները` նախանձելով կամ ինչ-որ ձեւով պատճառաբանելով, որքան որ մեր այս եկեղեցիները հաստատ ու շէն են, այնպիսիների մասն ու բաժինը Յուդայի եւ աստուածասպան քահանաների հետլինի, նրանք Սուրբ Երրորդութիւնից մերժուած լինեն, մեր անսահման, ծովացած մեղքերին պարտական ու նրանց համար պատասխան տուող: Իսկ կատարողները օրհնուենեւ բոլոր սրբերի հետ մաս ու վարձատրութիւն ստանան. ամէն:

Եւ այժմ, ո'վ եղբայրներ, ես այստեղ պիտի յիշատակեմ իմ սրտի խոցուածքը. այն, որ այս գործի շարադրումից մի քիչ առաջ մեզ վրայ հասաւ անանց սուգ. իմ սիրելի կրտսեր եղբայր Փախրադոլան երիտասարդական զարդարուն ու գեղեցիկ հասակում, երբ նորաբոյս մօրուքը թխութեամբ սկսել էր փայլփլել` բոլորելով վայելչագեղ ծնօտները, սիրտը զուարճութեամբ ու խնդութեամբ նախապատրաստւում էր քաղցր ու զուարթ կեանքի վայելման, կամքը` իշխանական փառքի թափ ու թռիչքի ձգտման, յանկարծ ենթարկուեց օրհասին: Մահը կոտրեց սլացիկ բոյսը, արմատախիլ արեց ծաղկափթիթ տունկը, անժամանակ տարաւ իմ բաղձալիին, որը եւ զատուելով մեզանից` այս աշխարհից գնաց առանց որեւէ յիշատակ թողնելու: Նրան տարան եւ թաղեցին իր հօր մօտ: Իմ Տէր Յիսուսը նրան այս կեանքի զրկանքների դիմաց այնտեղ թող ողորմայ եւ անտես առնելով նրա մարմնական մեղակերպ կրքերը` զուարճացնի անդրշիրիմեան կեանքի վայելքներով եւ ուրախութիւններով. ամէ'ն:

Իսկ այժմ ահա, ո'վ ընթերցասէր, պատշաճեմ համարում մատեանիս վերջում դնել նախ Սիւնեաց եպիսկոպոսների անուանացանկը եւ ապա, ինչպէս ոսկի մանեակը պարանոցին եւ կամ թագաւորական կնիքը թանկագին գանձերի վրայ, դասաւորել հայոց սուրբ եւերջանիկ հայրապետների անունները մեր այս գործի աւարտման գլխում, որովհետեւ Աստծուց սկսելով` Աստծով համակուած սրբերով էլ պարտաւոր ենք աւարտել: