Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[ԺԳ]  Ս. ԾՆՆԴԵԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Եւ այլ օր գնացաք ի վանք մի բարձր լերան վերայ, որ ելք աստիճանաց երկու հարիւր էր. եւ ի գլուխքն կային երկու մատակք առիւծք ի վիմէ, որոց բերանոց ջուր բխէր. եւ մտեալ ի ներս յոլով շրջեցաք։ Որ եւ սա զարմանալի շէնք էր. ունէր քառսուն սիւն։ Եւ կայր գմպէթ մի փոքր չորս սեան վերայ. եւ ներսն սաֆի վարախ ոսկի եւ լազվարդ աննման [յ]օրինած. եւ գերեզման մի բարձր սօմախի. եւ հարցաք թէ ո՞ւմ է. ասին թէ Հեղինէ[ի] մօրն Կոստանդիանոսի, որ զխաչափայտն եգիտ. եւ երկրպագեալ ողջունեցաք եւ դարձաք ի տուն։ Եւ ասին թէ այս եկեղեցիս առաջ է եւ հին քան զամենայն. եւ կոչէր Ծնունդ եկեղեցին այն. եւ աստի են հաբեղայք ի Ծնունդն Քրիստոսի յԵրուսաղէմ եւ ի Բեթղէհէմ։

Եւ աջ կողմն եկեղեցուն էր սարայ մի. եւ ասին թէ աստ նստի պարոնն որ էր տէր քաղքին եւ Փափին վաքիլ, որ զամենայն մարմնաւոր դատն նա դատէ, զշնացողս, զգողս եւ զայլն. զի Փափն արիւն հեղուլ չի տար։ Եւ այլ առաջ տեսաք երկու վիշապանման հսկայս ի մեծ վիմէ. որ ունէին մի մի ամեհի ձիս. եւ առաջի դարպասին կայր ձիաւոր սփետրէ թափած. կօշիկն ի յոտսն եւ պողովատ [1] ի ձեռին. եւ ասին մեզ թէ քաղքին շինօղքն են. եւ այլք թէ Կոստանդիանոս թագաւորն է։ Եւ կից սարային կայր շատրվան մի, որ ջուրն ի բազում եւ ի զանազան տեղաց բխէր. եւ վերեւն կայր կոյս գեղեցիկ աղջիկ մի, ունելով ծաղիկ ի ձեռին. եւ ասին թէ հռոմայեցիքն նախ զայս կինս պաշտէին։ Եւ աղբերն երկու կողմն կային պառկած մեծամեծ հսկայք իբրեւ զվիշապ մէրմէրէ, որ ունէին եւ նոքա ծաղիկս ի ձեռս եւ ոստս արմաւենեաց, զոր չափեցի միոյն ոտաց բութն թիզ մի լայնքն էր եւ երկու թիզ երկայնքն. զի եւ զնոսա պաշտել են։ Եւ այլ բազում ձիք եւ կերպարանք մարդոց եւ անասնոց կայր։ Կին մի էր կոփած մերմէռէ, որ գլուխն քան զկարաս մի էր մեծ։ Եւ այս ամէնքս կռապաշտից մնացել է. եւ գրած էր թէ աստ էր թախտ. եւ աստ նստէին առաջին թագաւորքն եւ կայսերքն. զայս ամենայն տեսեալ հիացաք եւ փառս տվաք Աստուծոյ. եւ դարձաք ի տուն։



[1]            պօղովատ