Յիշատակարան. Մասն II (1767-1776)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թուղթ գրեաց սրբազան վեհն առ վանայ նուիրակ Պաղտասար վարդապետն, որ ըստ գրելոյն առ ինքն յապրիլի ԻԳ, զժողովեալ տաւարսն եւ զոչխարսն ինքեանբ իսկ առեալ եկեալ էր ի Կարմիր Կոնդ, որք էին, ԱՌՃ ոչխար, եւ ԲՃՁ տաւար : Եւ անդ զհամբաւս լեկզեաց լուեալ` որ ի վերոյսդ ասացաւ, գրեալ էր սրբազան վեհին, զի որպէս կամիցի, այնպէս արասցէ: Եւ ինքն կամէր անտի յետս դառնալ ի գործն իւր: Եւ սրբազան վեհն գրեաց, զի մի անտի դարձցի, այլ եկեսցէ աստ ընդ տաւար եւ ոչխար բերզացն որք աստի յղեցան: Զի ունիմք ասէ զկարօտութիւն եւ զխօսելիս հարկաւորս: Յղեցաւ ի ձեռն Գալուստ վարդապետին ի օգոստոսի ԺԴ :